Մատչելիության հղումներ

Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցումը կասեցված է: Հենց սա էին ամիսներ շարունակ բողոքի տարբեր ակցիաներով պահանջում բնապահպանները: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի, Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տրվել: Հարցն այսօրվա կառավարության նիստում ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր բնապահպանները խորհրդի նիստում բարձրացրեցին մեկ հարց` որպեսզի ապագայում էլ ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին, այդ հատվածին։ Այդ պարագայում արդեն նաեւ պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որեւէ վտանգ չի սպառնա ջրվեժին եւ այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չեն օգտագործվի: Այդ իսկ պատճառով էլ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այսօր որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից», - հայտարարեց վարչապետը։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե այսօրվա որոշմամբ ի վերջո ջրվեժի տարածքում ՀԷԿ-ը կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ:

«Բնականաբար, եթե առաջարկվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն, արդեն արդյունաբերական նշանակության հողատարածք չի լինի, եւ այնտեղ, պահպանվող տարածքի ռեժիմով` որպես բնության հուշարձան, ջրվեժի սահմանները կճշգրտվեն եւ կանցնի այդ ռեժիմի տակ», - ասաց նախարարը:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պետրոսյանը ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի շինարարության կասեցումը համարեց բնապահպանների հաղթանակը:

«Կարծում եմ, «կանաչ ժողովրդավարությունը» Հայաստանում մեկ խոշոր թռիչք կատարեց Թռչկանի միջոցով, եւ մենք ունեցանք հերթական լավ հաղթանակը այս ոլորտում: Եվ կարծում եմ` այս հաղթանակները պետք է շարունակվեն անպայման, որովհետեւ մենք Հայաստանում այսօր ունենք բազմաթիվ բնապահապանական հիմնախնդիրներ, որոնք հասարակության մոբիլիզացիայի կարիք ունեն, եւ կառավարությանը, որոշում կայացնողներին ճիշտ կողմից ներկայացնելու կարիք կա», - ասաց Պետրոսյանը, ով կարծում է, որ բոլոր այն կառույցներն ու անձինք, որոնք ՀԷԿ-ի կառուցման համար դրական եզրակացություն են տվել, պիտի պատասխանատվության ենթարկվեն:

Հիշեցնենք, որ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը արդեն իսկ դիմել է Հատուկ քննչական ծառայությանն ու դատախազությունը, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն «Ռոբշին» ընկերությանը ՀԷԿ-ի կառուցման համար տրված բոլոր թույլտվությունների օրինականությունը:

«Հատուկ քննչական ծառայությունից արձագանք ստացել ենք, արդեն նրանք մակագրել են դատախազության վրա, որպեսզի դատախազությունը ուսումնասիրություն կատարի: Դատախազությունից դեռեւս չենք ստացել որեւէ պատասխան», - ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանն ասաց` «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը կշարունակի իր գործունեությունը եւ կհետեւի, որ ջրվեժի տարածքում շրջակա միջավայրին հասցրած վնասը վերականգնվի:

Բնապահանները, Պետրոսյանի փոխանցմամբ, կշարունակեն ջրվեժի տարածքում հոկտեմբերի 25-ին սկսված իրենց բողոքի ակցիան` նստացույցը, մինչեւ նոյեմբերի 6-ը: Այդ օրը նրանք կնշեն իրենց բնապահպանական մեծ հաղթանակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG