Մատչելիության հղումներ

Արտգործնախարարը խորհուրդ է տալիս չտպավորվել Բաքվից հնչող հայտարարություններից


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, չարժեր նման զգացողական արձագանք տալ Ադրբեջանի ոչ մշտական անդամություն ստանալուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, մտահոգություններ էին հնչում հատկապես, թե Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հիմնախնդիրը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

«Բայց ինչ-որ էմոցիաների մեջ պետք չէ ընկնել, որ ինչ-որ չգիտեմ ինչեր իրենք ստացան դրանով, եւ Հայաստանը մեծ կորուստներ ինչ-որ կրեց կամ կկրի: Հայաստանը շարունակելու է հավասարաշիռ եւ հանգիստ, առանց ներվային ինչ-որ կոնվուլսիաների քաղաքականությունը` հանգիստ քայլեր ձեռնարկել թե' Լեռնային Ղարաբաղի կարգավորման իմաստով, թե' ընդհանրապես մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության ամրապնդման, այլ երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման իմաստով», - Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընքացքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց արտգործնախարարը:

Նա խորհուրդ տվեց չտպավորվել Բաքվից հնչող հայտարարություններից, թե միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը. - «Եռանախագահող երկրները` Անվտանգության խորհրդի մշտական անդամները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե տեղափոխվի այլ հարթակներ: Եվ այստեղ ինչ-որ էմոցիաների մեջ ընկնել Ադրբեջանից հնչող հայտարարությունների պատճառով, կարծում եմ, կարիք չկա»:

Նալբանդյանը կասկածում է, թե Ադրբեջանը, դառնալով Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կարող է ավելի կառուցողական դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագան Արմեն Ռուստամյանը նիստի ընթացքում չարձագանքեց նախարարի դիտարկումներին: Նիստի ավարտին, սակայն, լրագրողների հետ զրույցում արտահայտեց իր դժգոհությունը. - «Բացարձակապես ես չեմ կիսում այն կարծիքը, որ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը պետք չէ, որ մենք հուզական ընդունենք: Սա ադեկվատ պատասխան չէ իրավիճակին: Պետք էր գնահատել` արդյո՞ք Հայաստանը մարտակավարական առումով ճիշտ վարվեց իր թեկնածությունը չդնելով…»:

Միաժամանակ, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները այսօր Վիեննայում տարածած հայտարարությամբ կրկին շեշտել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը «ռազմական լուծում չունի, եւ անընդունելի ստատուս քվոյից առաջ շարժվելու եւ խաղաղության հասնելու անհրաժեշտ պայմանը կողմերի քաղաքական կամքն է»:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ համանախագահները ծրագրում են ընթացիկ ամսվա վերջին այցելել տարածաշրջան:

Էդվարդ Նալբանդյանը այսօր անդրադարձավ նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին, թե` Վանի շրջանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանի տրամադրած օգնությունը դեր չի խաղա հայ-թուրքական հաշտեցման գործընթացում:

«Չեմ կարծում, թե այդ կարգի հայտարարությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եվ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թուրքական կողմը շարունակում է ապակառուցողական մոտեցումը», - ասաց նախարարը` շեշտելով, որ այդուհանդերձ լավատես է. - «Եթե դիվանագիտության մեջ դու լավատես չես, ապա դու դիվանագետ չես: Այո, չնայած Թուրքիայի կողմից ապակառուցողական մոտեցումներին, մենք հույս ենք հայտնում, որ պետք է կարգավորել հարաբերությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG