Մատչելիության հղումներ

100 հազար պետական ծառայող կարող է օգտվել սոցիալական ապահովության փաթեթից


Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան (ձախ)
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան (ձախ)
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում ներառված 18 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով սոցիալական փաթեթից կարող են օգտվել շուրջ 100 հազար պետական ծառայողներ` անկախ զբաղեցրած պաշտոնական դիրքից ու աշխատավարձի չափից: Այդ մասին կառավարության հինգշաբթի օրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր մանրամասնեց, թե ինչ է ներառում փաթեթը:

«Փաթեթը հանդիսանում է անկանխիկ գումար յուրաքանչյուր աշխատակցի համար, եւ այդ աշխատակիցը կարող է 4 ուղղությամբ դա օգտագործել: Համապատասխանորեն վճարումներ նրա համար կկատարի համապատասխան հիմնարկության, ասենք, նախարարության ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը: Եթե աշխատակիցը գնում է բժշկական ապահովագրություն, ապա դրանով նա լուծում է իր եւ իր ընտանիքի բժշկական անվտանգության հարցերը», - ասաց Գաբրիելյանը:

Սոցիալական փաթեթում առաջարկվող մյուս ուղղությունը բնակարանի ձեռքբերման կամ նորոգման համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վճարումն է, հաջորդ երկու ուղղությունները վերաբերում են կրթությանը եւ հանգստին: Ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ մշակված են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն բյուրոկրատիան:

«Մասնավորապես, նախարարությունում կամ հիմնարկությունում որեւէ մեկը չի որոշի` արժե այդ վճարումը կատարել, թե՝ ոչ։ Կլինեն ստանդարտ ծրագրեր, մասնավորապես, կրթության ոլորտում նշված կլինեն բոլոր այն հաստատությունները, որոնք փաթեթի համաձայն հաստատել է կրթության նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը կհաստատի ծրագրի համապատասխան բոլոր այն հանգստյան տների, հյուրանոցների եւ առողջարանների ցանկը, որոնցից կօգտվեն քաղծառայողները։ Բժշկական ապահովագրությունից կօգտվեն Կենտրոնական բանկի կողմից արտոնագրված բժշկական ապահովագրություն տվող ընկերությունների ծառայություններից։ Չորրորդ ուղղության համապատասխան՝ եթե բանկը հաստատի, որ քաղծառայողի վարկը համապատասխանում է փաթեթով նախատեսված եւ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտներին, ապա անմիջապես վարկի տոկոսները կվճարվեն», - ասաց նախարարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հերթին ընդգծեց, որ փաթեթը չի հանգեցնի գնաճային ճնշումների: Ի դեպ, փաթեթից օգտվելիս պետծառայողը կարող է հանգստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում:

«Այն կխթանի տուրիզմի զարգացումը ե'ւ Հայաստանի Հանրապետությունում, ե'ւ Լեռնային Ղարաբաղում: Մենք Լեռնային Ղարաբաղում տուրիզմը խթանելու համար ձեւավորել էինք տուրիստական փաթեթներ, որը ներառում էր տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, երեք անգամ սնունդ օրվա ընթացքում, տուրիստական ծրագիր, եւ այդ ամենը տեղավորվում էր մինչեւ 120 հազար դրամի մեջ յոթ օրվա հաշվարկով: Նմանատիպ տուրիստական ուղեգրերը կարող են ֆինանսավորվել այս փաթեթի շնորհիվ», - ասաց վարչապետը:

Պետական ծառայողները հիմնականում խուսափեցին ասել, թե ինչպես են վերաբերում կառավարության առաջարկած սոցիալական փաթեթին: Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ, եթե սոցիալական փաթեթը բաժանեին աշխատավարձային ֆոնդին եւ տային որպես աշխատավարձ, աշխատավարձի բարձրացում կատարեին»:

Մեկ այլ պետծառայող էլ ասաց. - «Դա այնքան չնչին գումար է, որ ինչ իրենք նախատեսում, դրա մի տոկոսին էլ չի հերիքի: Նախ չեմ հավատում, որ կլինի, եթե լինի էլ մի մեծ բան չէ: Այ, ուրիշ բան, եթե ինչպես սկզբում էր, ամեն տարի միջին աշխատավարձը բարձրացնեին»:

Հուլիս ամսվա դրությամբ պետական ծառայողների միջին աշխատավարձը մոտ 141 հազար դրամ է: 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, որում ներառված է այս սոցիալական փաթեթը, այժմ քննարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG