Մատչելիության հղումներ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող «Ջի փարթնըրս» ընկերության փաստաբաններ Սարգիս Գրիգորյանը եւ Արփինե Մելիքբեկյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությանը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթների սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում, կարծիք հայտնեցին, թե հակասական իրավիճակ է ստեղծվել, քանի որ օմբուդսմենը ժամանակին ինքն էր նախաձեռնել ապաքրեականացնել վիրավորանքը եւ զրպարտությունը:

Հիշեցնենք, որ Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարան` Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»)` Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՍԴ-ն օմբուդսմենի դիմումի քննությունը կսկսի նոյեմբերի 15-ին:

«Կարող ենք ենթադրել, որ մինչ օրինագծի ներկայացումը Ազգային ժողովին, այդ հարցը կարծես թե բաց էր մնացել, եւ օրենքը ընդունելուց հետո նոր հիշել են, որ սահմանդրականության հարց պետք է բարձրացվի», - ասաց Մելիքբեկյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, կարծում եմ, ազդեցության արդյունք էր, զուտ մանեւերելու համար, որի հիմքում չեմ տեսնում որեւէ նախապատրաստական աշխատանք, հիմնավորումներ, վերլուծություններ, ինչ-որ մեթոդաբանությունը, որը հնարավորություն կտա խոսել հակասահմանադրական նորմի մասին», - ասաց Գրիգորյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների գնահատմամբ` այստեղ Սահմանադրության խախտում չկա, եւ մինչեւ դատարան դիմելը օմբուդսմենը պետք է պարզեր արդյո՞ք այդ նորմերը համապատասխանում են եվրոպական այն կոնվենցիաներին, որոնց միացել է Հայաստանը: Այդուհանդերձ փաստաբանները վստահ են, որ Սահմանադրական դատարանի որոշումը կբխի միայն մայր օրենքից, եւ ասացին, որ իրենք հարգում են այդ որոշումը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը մինչդեռ ողջունում է օմբուդսմենի նախաձեռնությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմինե Օհանյանն ասաց` երբեք ուշ չէ շտկել սխալը, հետ կանգնել կես ճանապարհից: Խմբագիրը մեծ հույսեր ունի, որ Կարեն Անդրեասյանի դիմումը, եթե ողջ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի բավարարվելու է:

«Այս երկրի բաղկացուցիչ մի մասն էլ օմբուդսմենին ինստիտուտն է, եւ եթե ինքը դիմել է դատարան, ես այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե դա նրա սեփական նախաձեռնությունն է, եւ չի համաձայնեցվել ինչ-որ քաղաքական մարմինների եւ անձանց հետ: Կարծում եմ, որ սա քաղաքական որոշում է, կայացվել է իշխանություն ունեցողների կողմից` ստիպված, պարտադրանքով, քանի որ երկիրը այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ազատ խոսքի այս փոքրիկ սաղմերը, որը 20 տարում ստեղծվել են, կարող է ուղղակի կորցնել», - ասաց Օհանյանը:

Օրենսդրական փոփոխություններից հետո մոտ մեկ տարվա ընթացքում շուրջ 3 տասնյակ դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ: Երկրորդ նախագահի շահերը պաշտպանող փաստաբանները օրինաչափ են համարում հայցերի թվի աճի այս տեմպը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ են թերթերի դեմ Քոչարյանի ներկայացրած 3 հայցերի դեպքում էլ պահանջել օրենքով սահմանված առավելագույն գումարը, Արփինե Մելիքբեկյանը արձագանքեց, թե միշտ հեշտ է ուրիշի վրա քար նետելը, մինչդեռ պետք է բարեխղճություն ունենալ եւ խոստովանել, որ սխալվել ես:

«Փնտրում ես, տարբեր միջոցներով դիմում ես, առաջարկում ես` եկեք հարցին լուծում տանք, քաղաքավարության շրջանակներում եւ դրա փոխարեն ինչ-որ այսպիսի նվաստացնող գործողություններ են կատարվում` հեգնանքի, տարբեր միջոցների, ես դրանք կոչում եմ կեղտոտ հնարքներ: Այսպիսի մեթոդների կիրառմամբ են փորձում հարցին արձագանքել, կարծում եմ, դա առաջին հերթին իրենց մեղքն է», - ասաց Մելիքբեկյանը:

Մյուս փաստաբանը` Սարգիս Գրիգորյանն էլ հավելում է, թե բացառում է Քոչարյանի` թերթին սնանկացնելու նպատակը:

«Մենք բոլոր փուլերում պատրաստ ենք եղել հաշտության համաձայնություններ կնքել բոլոր 3 պատասխանողների հետ, նրանք միշտ փորձել են մանեւրել: Փոքր տեքստերով հերքումներ են տպում, ծիծաղելի է, չեմ կարծում, որ ընդունելի է սա: Հաշտության համաձայնությունը քննարկվում է ինչ-որ եղանակով, բայց էլի մյուս կողմի ներկայացուցիչները փորձում են անընդհատ մանեւրել կամ ժամանակ ձգել, երեւի իրենք էլ էին ակնկալում, որ սահմանադրականության հարցը կբարձրացվի», - ասաց Գրիգորյանը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը տարակուսանքով է մեկնաբանում այս պնդումը:

«Այ, քեզ նորություն, ինձ էլ թվում էր, թե մենք ենք անընդհատ պատրաստակամություն հայտնում հաշտության գնալու, եւ իրենք չեն ընդառաջ գնում մեր առաջարկին: Դատարանում ընդամենը մի անգամ խոսակցություն է եղել իրենց կողմից, առաջարկել են տպագրել հերքման, այսպես ասած` զղջումի տեքստ, որից հետո իրենք կմտածեն` հաշտության գնա՞ն, թե` ոչ: Իրենք, մեղմ ասած, ուզում էին մեզ խաբել, մոլորեցնել, այդ տեքստը տպել տալ, հետո հրաժարվե՞լ հաշտությունից», - ասում է Օհանյանը:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում պահանջում է թերթից հերքել հրապարակված տեղեկությունները եւ 6 միլիոն դրամ փոխհատուցել:

«Քոչարյանը շատ լավ գիտեր, որ այդ 6 միլիոնը ֆանտաստիկ գումար է թերթի համար», - ասում է «Հրապարակ»-ի խմբագիրը. - «Դա միայն մի բան է նշանակում, որ ինքը խնդիր ունի այնպիսի նեղ կացության մեջ դնել թերթին, որ այն այլեւս չկարողանա տպվել: Հակառակ դեպքում, եթե ընդամենը հերքման տեքստի եւ իր, այսպես ասած, արատավորված պատիվը վերականգնելու խնդիր ուներ, ընդամենը կարելի էր հերքման մասին խոսել կամ ինչ-որ սիմվոլիկ գումար պահանջել»:

Միայն «Հրապարակ» օրաթերթի դեմ արդեն 5 հայց է ներկայացվել: Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները չցանկացան հայտնել` առաջիկայում պատրաստո՞ւմ են նոր հայցադիմում որեւէ թերթի դեմ, միայն շեշտեցին, որ զուտ մեթոդաբանության առումով իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG