Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվի Գառնիի միջնադարյան կամուրջը


Գառնիի միջնադարյան կամուրջը:

Գառնիի միջնադարյան կամուրջը:

Չորեքշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը:

Կամրջի վերականգնմանը Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011 թվականին հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչեւ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է:

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից 2000 թվականի աշնանը, եւ այդ ժամանակվանից ի վեր Հիմնադրամի ներքո իրականացվել են մշակութային արժեքների պահպանության 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար:

Հայաստանում այդ ծրագրով ֆինանսավորվել են Կինո-ֆոտո-ֆոնո արխիվի ջերմաօդային կարգավորման համակարգի տեղադրումը Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցում, Տաթեւի գիտակրթական կենտրոնի համալիրի տարածքի մաքրումն ու պատերի ամրացումը, Նորատուսի միջնադարյան գերեզմանատանը աշխարհում գոյություն ունեցող միջնադարյան խաչքարների ամենամեծ հավաքածուի հաշվառումն ու տարածքի պարսպապատումը, եւ այլն:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը շեշտեց. - «Ես դեռ չեմ եղել Գառնիում եւ չեմ տեսել կամուրջը, սակայն նախատեսում եմ շուտով լինել այնտեղ, որպեսզի կարողանամ տեսնել, թե ինչպիսին էր այն նախքան աշխատանքները սկսելը, եւ ինչպիսին կլինի աշխատանքների ավարտից հետո»:

«Գառնու կամուրջը միայն հազարամյա պատմությամբ հուշարձան չէ: Այն դեռ գոյություն կունենա հազարամյակներ, եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների բարեկամությունը, գործընկերությունը, կարծում եմ, հազարամյակներ կշարունակվի», - հավելեց Ջոն Հեֆերնը:

«Ես կարծում, որ առաջին ծրագիրը, որ ինքը [Ջոն Հեֆերնը] ստորագրում է Հայաստանում իսկապես լավագույնն էր, որ կարող էր արվել», - իր հերթին ասաց Հայաստանի մշակույթի նախարարը. - «ԱՄՆ-ը ցուցաբերեց իսկապես օրինակելի վերաբերմունք հանդեպ մշակույթը: Եվ Նորատուսի պատմական գերեցմանոցը, որտեղ զետեղված են մեր պատմական խաչքարերը, մեր մշակութային գլուխգործոցները, պարսպապատվեցին այս ծրագրի շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG