Մատչելիության հղումներ

Հրաժարականներ ոստիկանության համակարգում


Հայաստանի արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` պաշտոնից ազատվելուց հետո ոստիկանական համակարգից հեռացել է երեք բարձրաստիճան ոստիկան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց երկու բարձրաստիճան ոստիկանների դիմում գրելու փաստը:

Ոստիկանության «Զվարթնոց»-ի գծային բաժնի պետ Կարեն Բաբայանն ու ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության ծառայության բաժնի պետ Արմեն Հակոբյանը երեկ գրված աշխատանքից ազատման զեկուցագրերում պատճառների մասին ոչինչ չեն նշել:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ այսօր աշխատանքից ազատման զեկուցագիր է գրել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Խաչիկ Գրիգորյանը: Նա եւս իր զեկուցագրում ոչ մի պատճառաբանություն չի նշել:

Ոստիկանության «Զվարթնոց»-ի գծային բաժնի նախկին պետ Կարեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն աշխատանքից է հեռանում, այլեւ ծառայությունից: Բաբայանը փոխանցեց նաեւ, որ հեռացման մասին դիմումն ուղղել էր արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Համակարգից հեռանալու որոշումը կայացրել է ինքնուրույն, իր կամքով:

«Ես եմ գրել զեկուցագիր, խնդրել եմ Ալիկ Սերգեյիչին` մեր ոստիկանապետին, որ ինձ ազատի աշխատանքից», - ասաց Բաբայանը` շեշտելով, որ դեռ Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ էր գրել դիմումը:

Բաբայանը չցանկացավ մանրամասնել համակարգից հեռանալու իր պատճառները, բայց «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե իր հեռացումը կապ ունի՞ Ալիկ Սարգսյանի պաշտոնից ազատման եւ Վլադիմիր Գասպարյանի` նոր ոստիկանապետի պաշտոնում նշանակման հետ, պատասխանեց. - «Դե երեւի կունենա, էլի, իհարկե»: Բաբայանն ասաց` երբ դիմում էր գրում, գիտեր, որ Ալիկ Սարգսյանին աշխատանքից ազատելու են:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նոյեմբերի 1-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։ Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին` ընդգծելով, որ, իր համոզմամբ, այսօր Հայաստանի ոստիկանությունը կարիք ունի Գասպարյանի «տիպի ղեկավարի»: Նախագահը վստահություն է հայտնել, որ «ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, եւ ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու»:

please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG