Մատչելիության հղումներ

«Հարկային բեռը որոշակի չափով կընկնի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վրա»


Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ Գագիկ Պողոսյան (ձախ)

Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ Գագիկ Պողոսյան (ձախ)

«Բնականաբար, սպասվող հարկային բեռը որոշակի չափով կընկնի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վրա, թե որ չափով, այսօր դեռեւս դժվար է ասել», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այսօր այս մասին կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ, «Գործարար շահերի պաշտպանության ցանց» կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը:

2012 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է հավաքագրել լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ ու տուրք: Այս կապակցությամբ արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ այդ բեռը զգալի չափով ծանրանալու է առանց այդ էլ ոչ այնքան նախանձելի վիճակում գտնվող փոքր ու միջին ձեռներեցների վրա:

Գագիկ Պողոսյանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի այսօր կառավարությունում կայացած նիստի ժամանակ արծարծել են նաեւ վարչապետի մոտ:

«Մենք այսօր վարչապետին նույնպես ասացինք, որ այն հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք դեռ քննարկման փուլում են գտնվում, մենք դեռ չենք ստացել: Բայց վարչապետը ասաց, որ քննարկման վերջնական արդյունքները չկան, բայց վերջնական տարբերակը կստանանք, որպեսզի նաեւ իրազեկված լինենք եւ իրազեկենք մեր անդամներին, մեր շահառուներին, թե ինչ հարկային փոփոխություններ են նախատեսվում: Գոնե ընդունվելուց հետո փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտները ունենան որոշակի ժամանակահատված` թեկուզ 2-3 ամիս, որպեսզի հնարավորություն ունենան կանխատեսել իրենց տնտեսական գործունեությունը», - ասաց Պողոսյանը:

Ըստ նրա` այդ խնդիրը Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի օրակարգային հարցերից է, եւ իրենք անում են հնարավորը` առնվազն օրենսդրորեն միջին բիզնեսի հոգսերը թեթեւացնելու համար:

Այսօր կառավարությունում տեղի ունեցած Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է Ազգային ժողովին ներկայացված օրենսդրական նոր փաթեթը, որը, վարչապետի մատուցմամբ, «փոքր եւ միջին բիզնեսի միջավայրը հնարավորինս բարելավելու եւ հարկային բեռը ավելի բարձր եկամուտներ ապահովող ոլորտներ տեղափոխելու» նպատակ ունի: Նոր փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել պրոգրեսիվ սկզբունքով կազմված եկամտահարկի սանդղակ:
Դա, ըստ Սարգսյանի, նշանակում է, որ եթե նախկինում կար 20 տոկոսանոց վերին շեմ, ապա այժմ սահմանվելու է նաեւ լրացուցիչ մեկ աստիճան:

«Այսօր կա 10 տոկոս, 20 տոկոս, եւ մենք սահմանում ենք նաև 25 տոկոսանոց շեմ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ստանում են 2 միլիոն դրամից ավելի եկամուտ: Նրանք պետք է վճարեն ոչ թե 20, այլ 25 տոկոս եկամտահարկ», - պարզաբանել է վարչապետը:

Նոր փաթեթը նախատեսում է նաեւ, այսպես կոչված, շքեղության հարկ: Առաջին անգամ Հայաստանում թանկարժեք մեքենաների համար բարձրացվելու է դրույքաչափը: Խոսքը 90 հազար դոլարից ավելի բարձր գին ունեցող մեքենաների մասին է: Դրանց մաքսային արժեքի նկատմամբ դրույքաչափը բարձրացվելու է 20 տոկոսով: Մեկ այլ փոփոխությամբ էլ` խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար նախատեսված հաստատագրված վճարները ավելացվելու են 50 տոկոսով:

Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը տարակուսած է այն հանգամանքից, որ ՓՄՁ զարգացման խորհրդի այսօրվա նիստին քննարկված հարցերը, իր ձեւակերպմամբ, վերաբերել են ամեն ինչին, բայց ոչ փոքր ու միջին ձեռներեցությանը:

«Ես մի քիչ լավ չեմ հասկանում` վարչապետի կարծիքով, հարկային բեռի տակ պիտի ընկնի միայն 90 հազար դոլարից ավելի թանկ մեքենա՞ն, նա այն կարծիքի՞ն է, թե 40 կամ 50 հազար դոլարանոց մեքենան միջին խավն է քշո՞ւմ: Ես ինչ-որ վատ եմ պատկերացնում` սա ի՞նչ կապ ունի փոքր բիզնեսի հետ, երբ ինքը խոսում է ավելացված արժեքի հարկի հաշվանցումների կանոնակարգի մասին, ինքն էլ ասում է` սա վերաբերում է խոշոր բիզնեսին: Ինչո՞ւ ես հավաքել մանր եւ միջին բիզնեսի գործարարներին կամ մասնագետներին եւ ներկայացնում, թե ինչ ես անելու խոշոր բիզնեսի մասով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գալոյանը:

Վերլուծաբանը տարօրինակ է համարում նաեւ վերը նշված տեսքով պրոգրեսիվ հարկի ներմուծումն ու հիմնավորումը:

«Ասում է` մինչեւ այսօր մենք եկամտահարկը հարկում էինք 10 տոկոս եւ 20 տոկոս, հիմա սահմանում ենք 25 տոկոսանոց եկամտահարկ եւ այն մարդկանց համար, ովքեր ունեն 2 միլիոն դրամից ավելի եկամուտ: Անկեղծ ասած, ես չգիտեմ, վարչապետին, բնականաբար, պիտի հետաքրքրեն ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ ունեցող մարդիկ, ինձ իրենք հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքրում են այն մարդիկ, ում միջին աշխատավարձը մոտ 100 հազար է: Դա է պաշտոնապես հանրապետության միջին աշխատավարձը: Թող բարի լինի, հրապարակի, թե քանի մարդ է Հայաստանում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստանում: Խոսքը մեր նախարարների աշխատավարձը պաշտոնապես 5 անգամ գերազանցող աշխատավարձի մասին է», - ասում է Գալոյանը:

Ըստ տնտեսական վերլուծաբանի` փոքր և միջին ձեռներեցությանն իրապես աջակցելու միայն մեկ ճանապարհ կա` մոնոպոլիաների դեմ պայքարը, մի բան, որ, նրա խոսքով, իշխանությունները երբեք չեն անում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG