Մատչելիության հղումներ

logo-print

Հայերի հետ իր սերտ առնչություններով հայտնի թուրք մտավորական, «Բելգե» հրատարակչության հիմնադիր Ռագըփ Զարաքօլուն առաջիկա ամիսները կանցկացնի անազատության մեջ:

Թուրքական Zaman օրաթերթի տեղեկություններով, երեկ երեկոյան նման վճիռ է կայացրել Բեշիքթաշի շրջանային դատարանը, Զարաքօլուի եւ եւս 44 քաղաքական ակտվիստների համար որպես խափանման միջոց ընտրելով նախնական կալանքը:

Թուրքական հատուկ ծառայությունները պնդում են, որ բոլոր կալանավորվածները ահաբեկչական կառույց հռչակված Քրդական աշխատավորական կուսակցությանը մաս կազմող մեկ այլ կազմակերպության, «Քրդական հանրությունների միության» (KCK) անդամներ էին: Այն պահին, երբ քննվում էին Զարաքօլուի եւ մյուս ակտիվիստների գործերը, դատարանի շենքին հարող տարածքում հարյուրավոր ցուցարարաներ էին հավաքվել, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: Ցուցարարների թվում էին ազատական հայացքների տեր լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Ցույցին մասնակցում էր նաեւ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

Ռագըփ Զարաքօլուին քրդամետ այլ ակտիվիստների հետ միասին Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները ձերբակալել էին անցած ուրբաթ օրը իրականացված լայնածավալ գործողության ընթացքում:

Դռնփակ դատական նիստի ընթացքում, սակայն, Զարաքօլուն կտրականապես հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները։

Ձերբակալվածների թվում է նաեւ սահմանադրական իրավունքի գծով ամենահայտնի թուրք փորձագետներից մեկը, պրոֆեսոր Բուշրա Էրսանլին, ով քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ է եւ ներկայացնում է քաղաքական այդ ուժը Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում:

Ի պաշտպանություն ձերբակալված Էրսանլիի հանդես են եկել մի շարք հայտնի սյունակագիրներ ու վերլուծաբաններ:

«Բուշրա Էրսանլիի ձերբակալությունը ծանր հարված է այն ջանքերին, որ գործադրում է Թուրքիան, փորձելով շարժվել դեպի իրական ժողովրդավարություն, դեպի խոսքի եւ ակադեմիական ազատություններն ու սոցիալական արդարություն: Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր ձերբակալված գիտնականներին, լրագրողներին ու քաղաքական գործիչներին, որոնց իրական նպատակն էր քաղաքացիական ազատությունների ու խաղաղության հաստատումը», - նշում էին թուրքական մտավորականության մի քանի տասնյակ ներկայացուցիչները երեկ հրապարակված հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG