Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները նոր ոստիկանապետի նշանակումից դրական տեղաշարժեր չեն ակնկալում


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացնում նորանշանակ ոստիկանապետին, Երեւան, 1-ը նոյեմբերի, 2011թ․
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացնում նորանշանակ ոստիկանապետին, Երեւան, 1-ը նոյեմբերի, 2011թ․
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոր ոստիկանապետի նշանակման արդյունքում ոստիկանության քաղաքականության փոփոխություն չեն սպասում:

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից եւ նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։

«Նոր ոստիկանապետը կաշխատի այնպես, ինչպես վայել է մերձավտորիտար երկրի ոստիկանապետին։ Ես շոշափելի տարբերություն ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը չեմ ակնկալում այս փոփոխությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով, թե կառավարության առաջիկա նիստի ժամանակ կազմակերպվելիք բողոքի ակցիայի ժամանակ հստակորեն կերեւա նոր Վլադիմիր Գասպարյանի գործելակերպը։

Բարսեղյանը դրական փոփոխություններ չի ակնկալում` հիշատակելով Գասպարյանի վերաբերմունքը բանակը քննադատողների նկատմամբ․ - «Ինքը ագրեսիվ իր պահվածքը կշարունակի ու իր ձեռքի տակ եղած ամբողջ ոստիկանական մեքենան կաշխատեցնի մարդու իրավունքների դեմ, ինչպես նախորդը փորձեց անել դա մի քանի անգամ։ Ընդդիմության առաջիկա հանրահավաքի ժամանակ կերեւա, թե ճանապարհները այս անգամ ինչպե՞ս են փակվում, պրոֆիլակտիկ աշխատանքը հնարավոր ընդդիմադիրների կամ նրանց տեղափոխող վարորդների հետ ինչպես է ընթանում մարզերում եւ այլն»։

Լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշում է պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ Գասպարյանի արտահայտություններն ու պահվածքը: Նա համոզված է, որ նոր ոստիկանապետի կողմից բիրտ ուժի կիրառումն առավել հաճախակի կդառնա։

«Ավելին՝ հարցազրույցներից մեկում նա գործածել էր «թուլա» բառը, եւ ես ինքս շատ զարմացած եմ, որ նա կարող էր ոստիկանապետ նշանակվել։ Ես չեմ պատկերացնում, թե նա ինչպես է աշխատելու, որովհետեւ նա երկար չի դիմանում քաղաքացիական հասարակության հետ շփումներին, կամ կոմպրոմիսների գնալուն», - մասնավորապես, ասաց Ալեքսանյանը՝ հիշելով բանակը քննադատողների նկատմամբ Գասպարյանի վերաբերմունքը․ - «Նա չկարողացավ բանակցել, երկխոսել եւ միանգամից անցավ կտրուկ միջոցների՝ սպառնալիքներ տեղալով այդ ՀԿ-ների եւ այդ քաղաքացիական նախաձեռնության հեղինակների հասցեին»։

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ հիշատակում է Գասպարյանի գործունեության ուժային մեթոդները` ավելացնելով, թե նա կլինի այնպիսին, ինչպիսին եղել է ռազմական ոստիկանության ոլորտում․ - «Գասպարյանը ընդհանրապես հայտնի է իր ուժային մեթոդներով։ Բայց էլի եմ ասում՝ մեզ համար, ինձ թվում է, ոչ մի բան չի փոխվելու։ Նույնն է լինելու՝ մի քիչ կոպիտ, գուցե մի քիչ ավելի կտրուկ գործողություններ»։
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG