Մատչելիության հղումներ

Կառավարությունը ներկայացրեց լրացուցիչ 101 միլիարդի հավաքագրման միջոցները


ՎարչապետՏիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացնում է 2012 թվականի բյուջեի նախագիծը, 1 նոյեմբեր, 2011
ՎարչապետՏիգրան Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացնում է 2012 թվականի բյուջեի նախագիծը, 1 նոյեմբեր, 2011
Երեքշաբթի օրը Ազգային ժողովում խորհրդարանի մշտական հանձնաժողովների կողմից 2012 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այն միջոցառումները եւ փոփոխությունները հարկային փաթեթում, որոնց օգնությամբ գալիք տարի պետք է պետբյուջե հավաքվի լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ ու տուրք:

Հիշեցնենք` 2012 թվականի պետբյուջեով նախատեսված է այս տարվա համեմատ գալիք տարի հավաքել մոտ 101 միլիարդ դրամով ավելի հարկ ու տուրք, եւ այդ կապակցությամբ կառավարությունում, փաստորեն, կան տարաձայնություններ: Եթե վարչապետն Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը համոզված են, որ այդ գումարը կհավաքվի, Պետկամուտների կոմիտեի նախագահը շարունակում է կասկած հայտնել այդ կապակցությամբ:

Ներկայացնելով, թե կառավարությունն ինչ փոփոխություններ է առաջարկում հարկային փաթեթում` վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր, մասնավորապես ասաց. - « Հարկային փաթեթով առաջին փոփոխությունը, որը նաեւ ունի գաղափարախոսական բովանդակություն, պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է՝ եկամտահարկի մասով: Առաջարկում ենք` 2 միլիոն եւ ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս»:

Կառավարության առաջարկած հաջորդ փոփոխության համաձայն, 50 տոկոսով կավելանա թանկ ալկոհոլային խմիչքներից գանձվող հարկը: Իր ելույթում վարչապետը չմանրամասնեց, թե ինչ գնից սկսած են ալկոհոլային խմիչքները համարվելու թանկ: Միայն նշեց, որ «մատչելի ալկոհոլային խմիչքների համար ներքին շեմը կմնա անփոփոխ` 500 դրամ՚» եւ հարկային բեռը չի ավելանա: Այսպիսով, հարկային բեռն ընկնելու է թանկ ալկոհոլային խմիչքների վրա, որոնց տեսակարար կշիռը, կառավարության գնահատականներով, ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս:

Հաջորդը` կառավարությունն առաջարկում է սահմանել «շքեղության հարկ»:

«Մենք առաջարկում ենք, որպեսզի թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Մեր կարծիքով՝ սա նույնպես արդարացված մոտեցում է եւ հնարավորություն կտա մոտավորապես մեկ միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար», - ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաեւ մի շարք փոփոխություներ, որոնց նպատակն է դյուրացնել գործարարությամբ զբաղվելը Հայաստանում ընդհանրապես եւ, որոնք, մասնավորապես, պետք է հեշտացնեն փոքր ու միջին բիզնեսի աշխատանքը` նպաստելով տնտեսական աճին:

«2012 թվականի բյուջեն կայունությունից անցում է դեպի տնտեսական աճ», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը. - «Դա նշանակում է, որ 2012 թվականի բյուջեի նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք պետք է ծախսենք այնքան ինչքան, որ ի վիճակի ենք հավաքագրել եկամուտներ»:

Ահա այստեղ է, որ պետբյուջե եկամուտների հավաքագրման կապակցությամբ շարունակում է իր մտահոգությունները հայտնել Պետկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով, ի դեպ, լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի ու տուրքերի հավաքագրման վերաբերյալ առաջին անգամ իր մտահոգությունը հայտնեց այս սեպտեմբերի 29-ին` հենց կառավարության նիստի ժամանակ:

«Մինչեւ հիմա մեր մտահոգությունները մնում են, մենք ռիսկեր ենք տեսնում եւ այդ ռիսկերի ուղղությամբ աշխատում ենք», - այսօր լրագրողներին ասաց Գագիկ Խաչատրյանը:

Ըստ նրա, եթե նպատակ է դրվում հարկային բեռը չբարդել փոքր ու միջին բիզնեսի վրա, դա նշանակում է, որ ՊԵԿ-ը պետք է կենտրոնան խոշոր հարկատուների ուղղությամբ: Գագիկ Խաչատրյանի խոսքով, ներկայումս Հայաստանի առաջին 3 հազար խոշոր հարկ վճարողները ապահովում են պետբյուջեի հարկային եկամուտների մոտ 82 տոկոսը: Այդ 3 հազարից առաջին 440-ը ՊԵԿ-ը ինքն է համարում է խոշոր հարկ վճարողներ, որոնք գրանցված են կոմիտեի Խոշոր հարկ վճարողների տեսչությունում: Խաչատրյանի ներկայացմամբ, եթե նպատակ կա գալիք տարի ապահովել լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի ու տուրքերի հավաքագրում, ապա, դա նշանակում է, որ առաջին 440 խոշոր հարկ վճարողների հարկային վճարները գալիք տարի պետք է ավելանան մոտ 30 տոկոսով:

«Իհարկե, 30 տոկոսի մասին շատ դժվար է խոսել, մենք հնարավորություն չենք ունենա, մենք պետք է գտնենք այլ ռեսուրսներ` ստվերից, մեր մեխանիզմների կատարելագործումից պետք է գտնենք այլ միջոցներ, որպեսզի կարողանանք [հավաքագրել], եթե Ազգային ժողովով հաստատվի, նշանակում է` մենք պետք է գնանք ու մտածենք, թե ոնց կատարենք: Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում դա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Արձագանքնելով ՊԵԿ-ի նախագահի այս մտահոգություններին` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ մեր գնահատականը իրատեսական է, եւ կարծում եմ, որ կան ռեսուրսներ թե' ստվերից բերելու, թե' լրացուցիչ եկամուտներ հավաքելու: Մեր կարծիքով, ընդհանուր մակրոտնտեսական տեսակետից դա լիովին հասանելի թիվ է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG