Մատչելիության հղումներ

Բնապահպաններին չի բավարարում Թռչկանի ՀԷԿ-ի շինարարության դադարեցումը


«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությանը չի գոհացնում ջրժվեի տարածքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ընկերության հայտարարությունը շինարարությունը դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան տարածքից դուրս բերելու մասին:

Այսօր բնապահպանության նախարարության առջեւ անցկացված ցույցի մասնակիցները բնապահպանության նախարարին փոխանցեցին հերթական դիմումը, որում նշում են, թե «Ռոբշին»-ի հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական դրական լուծում: Բնապահպանները պահանջում են, որ նախարարի առաջարկությամբ ուժը կորցրած ճանաչվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ընկերությանը տրված արտոնագիրը, բնապահպանության նախարարության տված դրական փորձաքննական եզրակացությունը:

«Ռոբշին»-ը իր տարածած հայտարարության մեջ հույս է հայտնում, որ որ «հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»: Հենց այս նախադասությունը խորը կասկածներ է առաջ բերել բնապահպանների շրջանում, որոնք մտավախություն ունեն, թե ՀԷԿ-ի շինարարությունը կարող է ամեն պահի վերսկսվել, քանի որ այդ հայտարարությունը իրավական ուժ չունի:

Նախաձեռնության ակտիվիստ Արմեն Վերմիշյանի գնահատմամբ` ցույցի նախօրեին հայտարարություն տարածելով` «Ռոբշին»-ը ցանկացել է շեղել հասարակության ուշադրությունը խնդրից:

«Որովհետեւ երեկ մեր ակտիվիստներից շատերը զանգահարում-հարցնում էին` արդեն հաղթել եք փաստորեն, ինչո՞ւ եք ակցիաներ անում… Մեր պայքարը ոչ այնքան մասնավոր ընկերության դեմ է, այլ այն որոշումների, թույլտվությունների դեմ, որոնք կանաչ լույս են տվել տվյալ ընկերությանը` սկսել այդպիսի գործունեություն», - ասաց Վերմիշյանը:

Նախաձեռնությունը մտադիր չէ նաեւ դադարեցնել ջրվեժի տարածքում արդեն յոթերորդ օրը շարունակվող անժամկետ նստացույցը, որի մասնակիցները բացօթյա վրանային ճամբար են հիմնել եւ հերթափոխով հսկում են տարածքը:

Այսօրվա բողոքի ցույցին մասնակցում էին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչները, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Ժառանգություն» խորհդարանական խմբակցության պատգամավորները:

«Ժառանգության» հիմնադիր նախագահ եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես ինքս մի քանի տարի առաջ լինելով Թռչկանի մոտ` օրհնվել եմ իր ջրով եւ գիտեմ որպես մարդ, որպես քաղաքացի, այս երկրի որդի, թե ինչ նշանակություն ունի Թռչկանը: Անհրաժեշտ է, որ մեր իշխանությունը նաեւ հասկանա` իր բոլոր սխալներով, անիրավ պահվածքներով հանդերձ, որ սա սկզբունքային հարց է, մեր ապագա սերունդների համար պիտի պահենք-պահպանենք Թռչկանը»:

Բնապահպանության նախարարությունից ոչ ոք չարձագանքեց ցուցարարների կոչերին:

Բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ նախարարությունում քննարկում են եւ արագ կարձագանքեն այսօր իրենց իրենց հանձնված նամակին:

Հայաստանի ամենաբարձր եւ ամենաջրառատ ջրվեժի պահպանությամբ մտահոգված ակտիվիստները նախնական համաձայնությամբ առաջիկա օրերին հանդիպում կունենան վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG