Մատչելիության հղումներ

Անչափահասների դատական գործերը չպետք է վարեն ընդանուր իրավասության դատարանները


Հայաստանում չկան անչափահասների համար հատուկ դատարաններ կամ մասնագիտացված դատավորներ:

«Թեեւ պետական պաշտոնյաները պնդում են, որ գոյություն ունի որոշ դատավորների` անչափահասների գործերով մասնագիտացվելու ոչ պաշտոնական գործելաոճ, եւ անչափահասների գործերը հանձնվում են փորձառու դատավորներին, այդուհանդերձ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակված «Անչափահասների գործերով դատավարությունների դիտարկում» զեկույցի մշակմանը մասնակցած դիտորդները նման հետեւողական գործելաոճ չեն բացահայտել», - ասված է զեկույցում:

Դիտորդներն արձանագրել են նաեւ, որ դատախազության համակարգում նույնպես չկա անչափահասների գործերի քննություն եւ քրեական հետապնդում իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում: Ծրագրի փորձագետ, դատական հոգեբան Արշակ Գասպարյանի խոսքով` հիմնականում անչափահասների գործերը վարում են ընդհանուր իրավասության դատարանները:

Հոգեբանի խոսքով, հարկավոր է հաշվի առնել երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները: Նա կարեւորում է նաեւ նախնական զրույցը երեխայի եւ դատավորի միջեւ: Այս պրակտիկայի բացակայության հետեւանքով անչափահասը հաճախ դատարանն ընկալում է որպես պատժիչ եւ վրիժառու մարմին:

Դրան հաճախ նպաստում են նաեւ դատավորների վարքը: Ըստ Գասպարյանի, հարկավոր է կրճատել նաեւ դատական նիստերի տեւողությունը: Մի քանի ժամ տեւողությամբ եւ անչափահասի համար անհասկանալի լեզվով ընթացող դատական նիստերը թույլ չեն տալիս անչափահասին հասկանալ, թե վերջապես ինչում են մեղադրում իրեն: Դատավճիռները հիմնականում գերհագեցած են իրավական տերմիններով, անչափահասին ուղղվող հարցերի ինտոնացիան հաճախ անչափահասներին տանում է դեպի փակուղի, հաշվի չեն առնվում դեռահասության շրջանի առանձնահատկությունները:

«Դեռահասության տարիքը ենթադրում է տաքարյունություն, ագրեսիվություն, որոնք ինքնահաստատման եւ ինքնաճանաչման խնդիր են լուծում եւ չեն լուծում դիմացինին ոչնչացման խնդիր»,- նշեց դատական հոգեբանը:

Դատարաններում անտեսվում է նաեւ անչափահասի խոսքի ընկալման հանգամանքը: Հաճախ, երբ երեխաները դատարան են բերվում անմիջապես կալանավայրերից, ունենում են նյարդային լարվածություն եւ նրանց խոսքը լինում է դանդաղ: Դատավորները, անտեսելով երեխայի հոգեվիճակը, ստիպում են նրան երկու խոսքով արագ ձեւակերպել ասելիքը: Գասպարյանի խոսքով` սա նույնպես անընդունելի տարբերակ է անչափահասների արդարադատության համակարգում:

Զեկույցի մշակմանը մասնակցած դատական հոգեբանները նշում են, որ հարկավոր է կիրառել անչափահասների կարիքներին հարմարեցված դատարաններ եւ ապահովել համապատասխան վերաբերմունք: Անչափահասին հասկանալի լեզվով ներկայացնել դատավճիռը եւ այլն:

Իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, իրավաբան Սիրանուշ Սահակյանը հանդես եկավ իրենց ինստիտուտի մշակած առաջարկություններով: Դրանցից մեկում նշվում է, որ քրեական պատասխանատվությունը հարկավոր է փոխարինել այլընտրանքային միջոցներով, օրինակ, երբ իրավախախտ անչափահասի գործերով չեն զբաղվում դատական մարմինները: Ըստ մասնագետների` հարկավոր է հատուկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխայի մոտ չձեւավորվի հանցագործի ինքնությունը, այսինքն պետք է ազատազրկման հետ կապված միջոցերը փոխարինել քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցներով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը հույս նշեց, որ իրավախախտ երեխաները պաշտպանության կարիք ունեն ոչ միայն կառավարության կողմից, այլեւ` ողջ հասարակության: Նրա խոսքով` կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանն այլընտրանք առաջարկող քաղաքականություն:

Քննարկումը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, իսկ «Անչափահասների գործերով դատավարությունների զեկույց»-ի մշակմանը մասնակցել են տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպություններ:

please wait

No media source currently available

0:00 0:06:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG