Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հորդորում է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները


Միացյալ նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: 27-ը հոկտեմբերի, 2011 թ.:
Միացյալ նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: 27-ը հոկտեմբերի, 2011 թ.:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարուղար Հիլարի Քլինթոնը երեկ երեկոյան Վաշինգթոնում ներկա էր ամերիկա-թուրքական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել «Ռից-Քարլթոն» հյուրանոցի սրահում։

Պետքարտուղարը, ում այցը Ստամբուլ նախատեսված էր այս չորեքշաբթի, նիստի ընթացքում խոսել է Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունների, տարածաշրջանում եւ աշխարհում Թուրքիայի դերակատարության մասին։

«Երբ ես զրուցում եմ թուրքերի հետ, լինեն նրանք ուսանողներ կամ գործարարներ, թե պետական պաշտոնյաներ, ես հպարտւթյուն եմ տեսնում նրանց աչքերում, եւ իրոք, Թուրքիան կարող է հպարտ լինել աշխարհի արդեն 17-րդ տնտեսությունն ունենալու եւ տասնյակի մեջ ընդգրկվելու հավակնոտ մտադրության համար», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարն ու ավելացրել.- «Սա ոմանք իրավամբ անվանում են «թուրքական հրաշք», բայց դրա ռազմավարական կարեւորությունը, թերեւս, պատշաճ ճանաչում դեռ չի ստացել»։

Հիլարի Քլինթոնը չորս հիմնական ուղենիշ է առանձնացրել։

Առաջինն այն է, որ Թուրքիայի բարգավաճմանը մեծապես նպաստել է թուրք-ամերիկյան հզոր համագործակցությունը։

Երկրորդ` Թուրքիայի տնտեսական զարգացումն է'լ ավելի կամրացնի երկու երկրների կապերը։

Երրորդ` նոր հնարավորություններն ամբողջությամբ եւ լիարժեք կերպով օգտագործելու համար Թուրքիան պետք է «իր տանը նոր լիցք հաղորդի ժողովրդավարացման գործընթացին», իսկ հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվի «խաղաղություն ու կայունություն հաստատելու գաղափարով»։

Այնուհետեւ պետքարտուղարն անդրադարձել է Անկարայի համար խնդրահարույց երեք թեմաների` նախ ասելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մտահոգություն է պատճառում հետ թուրք-իսրայելյան հարաբերություններում առկա ճգնաժամը։

Նմանապես մտահոգիչ է Թուրքիայի եւ Կիպրոսի չկարգավորված վեճը։

Եվ վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային հորդորում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ կապերը բարելավելու ուղղությամբ։

Հիլարի Քլինթոնը
պետք է վաղը մեկներ Եվրոպա: Նախատեսված էր նրա այցը Լոնդոն եւ Ստամբուլ, սակայն պետքարտուղարը ստիպված է չեղյալ հայտարարել ուղեւորությունը, քանի որ կտրուկ վատթարացել է իր մոր` 92-ամյա Դորոթի Ռոդհեմի առողջական վիճակը։

Իսկ քիչ առաջ «Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդեց, որ Դորոթի Ռոդհեմը վախճանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG