Մատչելիության հղումներ

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է


Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյան

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյան

«Ազատություն» ռադիոկայանը երեքշաբթի օրը կայացած ասուլիսում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանին ձերբակալելուց հետո:

«Խոսքը բենզինի մասին էր, բենզինը տեսուչները ստանում են, դուրս են գալիս ծառայության, շատ խիստ է հսկողությունը գծամասերում տեսուչների կողմից իրականացվող ծառայության նկատմամբ: Երեւի թե վերջին ժամանակներս չեք լսել, որ [տեսուչը] կանգնեցրեց, անտեղի արձանագրեց, կանգնեցրեց 5000-ի փոխարեն 10000 տուգանք գրեց: Այդ կամայականությունների մասին երեւի չեք լսել», - պատասխանեց Նորիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, ով հետո կալանավորվեց: Մինչ այդ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել, ապա նաեւ մեղադրանք էր առաջադրել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանի նկատմամբ: Կարախանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Ասուլիսում Նորիկ Սարգսյանը անդրադարձավ նաեւ այս տարվա անցած 10 ամիսներին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներին:

«Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել են 249 եւ մարմնական վնասվածքներ ստացել 2734 մարդ: 2010 թվականի 10 ամիսների համեմատությամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանում աճել է 254-ով, զոհերի թիվը` 24-ով, վիրավորների թիվը` 531-ով», - տեղեկացրեց Սարգսյանը:

Խոսելով ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո առաջացած իրավիճակի մասին` ոստիկանության պաշտոնյան ասաց, թե վարորդները այժմ չեն խուսափում գրանցել նույնիսկ ամենաթեթեւ վթարները:

«Եթե նախկինում թեթեւ քերծվածքներով, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացած` դեպքի վայրը թողնում հեռանում էին, նույնիսկ ճանապարհային ոստիկանության տեսադաշտից էլ էին բաց մնում, ներկա ժամանակներում նույնիսկ ամենաչնչին նյութական վնասի դեպքում ոչ մի վարորդ չի հեռանում պատահարի վայրից, կանգնում եւ օգտվում է իրեն ընձեռնված իրավունքից: ԱՊՊԱ համակարգի ներդրումը հանգեցրեց աճին ընդամենը բացարձակ թվերով: Պատկերը գրեթե նույնն է, ինչպիսին նախորդ տարիներին, ուղղակի հիմա ոչ մի պատահար դուրս չի մնում հաշվառումից», - ընդգծեց Սարգսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարմնական վնասվածքներով պատահարների 10 տոկոսի աճ է գրանցվել, ինչը, ըստ Նորիկ Սարգսյանի, պայմանավորված է բնական եւ արհեստական պատճառներով:

«Բնական աճը պայմանավորում ենք Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների քանակի աճով, արհեստականը` նորից ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: Միայն 2011 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 20403 տրանսպորտային միջոց, որը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ներմուծված տրանսպորտային միջոցների քանակից: Բնականաբար, տրանսպորտային հոսքերի ավելացումը կբերի նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աճին», - ասաց նա:

Նորիկ Սարգսյանը ընդունեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ առաջացած խցանումների պատճառ կարող է հանդիսանալ նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ուշ ժամանումը դեպքի վայր. - «Ստացվում են դեպքեր», - ասաց նա:

Անցած ամիսների ընթացքում մոտ 9000 հետիոտն է տուգանվել փողոցը ոչ ճիշտ անցնելու համար: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցի անսարքության հետեւանքով առաջացած վթարներին, ապա Նորիկ Սարգսյանի տվյալներով դրանք մեծ թիվ չեն կազմում:

«Տարվա մեջ կլինի 10-ը` 2000-ից ընդամենը 10-ը, որ փորձաքննությունով կհաստատվի, որ պատահարի պատճառը եղել է տրանսպորտային միջոցի անսարքությունը: Անմիջական վթար ծնող հիմնական պատճառներն են սահմանված արագության գերազանցումը, խաչմերուկների անցման կանոնների խախտումը, հակառակ երթեւեկության գոտի դուրս գալ», - նշեց պաշտոնյան:

Նորիկ Սարգսյանը նաեւ վստահեցրեց, որ այլեւս չեն լինի դեպքեր, երբ անձը վարորդական իրավունքի վկայական կստանա որեւէ միջնորդի` ծանոթ-բարեկամի միջոցով, ինչի արդյունքում էլ, ըստ նրա, կկրճատվի վթարների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG