Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականին կատարվել է 63 սեռական հանցագործություն, 2009-ին` 73 իսկ 2010-ը թվականի առաջին կիսամյակում արդեն 53 սեռական հանցագործություն, որից 70 տոկոսը` երեխաների նկատմամբ:

Քիմիական ստերջացման մասով օրենքի փոփոխության նախագծի հեղինակ Դավիթ Թումասյանի խոսքով, սա ընդամենը պաշտոնական տվյալներն են, իսկ իրական պատկերը շատ ավելի վատն է: Շատ դեպքերում ընտանիքը փորձում է այդ կեղտը տան պատերից դուրս չհանել:

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց, թե մանկապղծության դեպքերի դեմն առնելու համար հարկավոր է կատարել պարտադիր ամորձատում: Վիկտոր Դալլաքյանն ու իրավաբան Դավիթ Թումասյանն էլ միասին մշակեցին նախագիծը ու ներկայացրեցին Ազգային ժողովի քննարկմանը: Համաձայն նախագծի, օրենսգիրքը հարկավոր է լրացնել հետեւյալ բովանդակությամբ` քիմիական եղանակով ստերջացում:

Խոսելով օրեսնգրքում այս փոփոխության մասին` Դավիթ Թումասյանը նշում է. - «Սա պատժատեսակ չէ: Սա պատժի հետ մեկտեղ նշանակվող բժշկական բնույթի միջոց է լինելու, որը պետք է նշանակվի փորձաքննություն իրականացնելուց հետո»:

Թումասյանը նշում է, որ փորձաքննությունն իրականացնելու են համալիր կերպով: Այսինքն, բացի այն, որ պարզելու են անձի մոտ հակումների կամ շեղումների առկայությունը, նաեւ հաշվի են առնելու անձի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Եթե փորձագիտական եզրակացության մեջ նշվի, որ այդ եղանակով ստերջացման իրականցնումը կհանգեցնի անձի առողջական վիճակի վատթարացմանը կամ անվերահսկելի ագրեսիա կառաջացնի նրա մոտ, բժշկական այս միջոցը չի նշանակվի:

Թումասյանը նշում է, որ անձի հետ աշխատելու են հոգեբաններ ու հոգեբույժներ` որպեսզի նա ինքնակամ համաձայնի իրեն ներարկել այդ տեստոստերոն հորմոնը: Իհարկե սա այն դեպքում, եթե անձը մանկապղծություն կատարել է առաջին անգամ:

Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը նշում է, որ պեդոֆիլիան սեռական ցանկության խանգարում է, մինչդեռ ստերջացումը դեռեւս մարդու սեռական անոմալ հակումների իսպառ վերացում չէ:

«Ինքը սկզբնական շրջանում, որպես պրոցես, զգալիորեն ճնշում է: Բայց եթե մարդու մոտ կա ձեւավորված հակում երեխաների հանդեպ, այս դեպքում նրա ցանկությունն ամբողջությամբ չի մարում: Սկզբնական շրջանում շատ խորը կճնշվի, որոշ ժամանակ հետո կարող է արդեն բնազդով պայմանավորված նորից արթնանալ: Բուժման ձեւերից մեկը հոգեթերապիան է: Եթե հիվանդը շիզոֆրենիայի խնդիր չունի, նախ պետք է հեգոթերապեւտիկ ձեւով շտկել, կարգավորել` նոր եզրակացություն անել»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտահոգված է. - «Այս բնագավառում չունես նորմալ դատահոգեբուժական բժշկական փորձաքննության լուրջ բազա: Այսինքն օրենքն ուզած ժամանակ այնպես կկիրառեն, որ իրավունքների սահմանափակում տեղի կունենա, քան իրապես խնդիրը կլուծվի»:

«Շան գլուխն այնտեղ չի թաղված, որ հանցագործությունների աճ կա: Բոլորովին այլ բնույթի գործողություններ են պետք, կրթական, բարոյական, սոցիալական: Սոցիալական ինստիտուտների զարգացման խնդիրը պետք է լուծվի: Գուցե դա՞ էֆեկտ տա, թե չէ սա ամենահեշտ ճանապարհն է` օրենք փոխելը», - նշում է Սաքունցը:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ համոզված է. - «Այսօր Հայաստանում օրենքն ինչքան ուզում ես փոխի, կիրառումն անընդունելի է, որովհետեւ դատաիրավական համակարգը կոռումպացված է ու ոչ մասնագիտական: Դատաիրավական համակարգը կարող է բարեփոխվի, բայց դատական սխալը մնում է: Դատական սխալից վախենալով` նման օրենքները պետք է շատ զգույշ ընդունես»:

XS
SM
MD
LG