Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին առաջնահերթ է համարում հրադադարի ամրապնդումը


Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբի
Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբի

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակում է խորանալ», - գրում է Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակում է խորանալ, եւ իրավիճակը մինչ այժմ թվում է փակուղային եւ անլուծելի», - "Россия в глобальной политике" ամսագրում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։

«Այս հակամարտության ներքին տրամաբանությունն ու զարգացումը հղի են լուրջ վտանգներով։ Հակամարտության կտրուկ սրման իրական վտանգ կա, կողմերը սպառազինությունների մրցավազք են սկսել, որը չի թուլանում եւ ավելի է ապակայունացնում իրավիճակը»,- փաստել է եվրոպացի դիվանագետը։

Սեմնեբիի համոզմամբ, հրադադարի մասին կողմերի միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ «անհուսալի ու ինքնակարգավորվող մի փաստաթուղթ է, որի իրագործմանը հետեում են ընդամենը մի քանի դիտորդներ ԵԱՀԿ-ից»։

«Եվրամիությունը կարող է որոշ քայլեր ձեռնարկել՝ կողմերի միջեւ վստահությունը ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաեւ քաղաքական ու գործնական ներդրում ունենալ Մինսկի խմբի աշխատանքներում», - կարծիք է հայտնում հինգ տարի շարունակ հակամարտության կարգավորմանը անմիջականորեն հետեւած դիվանագետն ու առաջարկում հատկապես քայլեր ձեռնարկել հրադադարի մասին համաձայնագիրը ամրապնդելու համար։

«Երկրորդ գերակայությունը, որին Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնի, ժողովրդավարության զարգացումն է երեք երկրներում», - գրում է Սեմնեբին՝ խոստովանելով, որ տարածաշրջանում անցկացրած տարիների ընթացքում մի քանի անգամ անձնապես մասնակցել է ներքաղաքական ճգնաժամերի հանգուցալուծմանը, այդ թվում՝ 2008 թվականին Հայաստանում։

«Թեեւ վերջին տարիների ընթացքում Բրյուսելը մի շարք քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում քաղաքական կայունությունը ամրապնդելու եւ բարեփոխումները խթանելու ուղղությամբ, այդուամենայնիվ, ժողովրդավարությունը այստեղ դեռ տեղապտույտ է տալիս», - գրում է Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչը։ - «Ներքաղաքական իրավիճակի վրա բացասաբար են ազդում ոչ միայն իշխանության ու ընդդիմության միջեւ երկխոսության բացակայությունը, այլեւ տարածաշրջանային հակամարտությունները, որոնք խոչընդոտում են քաղաքական բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանը»։

Հարավային Կովկասի նկատմամբ առավել արդյունավետ քաղաքականություն որդեգրելու համար դիվանագետը Եվրամիությանը առաջարկում է մշտական շփումների մեջ լինել Ռուսաստանի հետ, աշխատել հայ–թուրքական արձանագրությունները փակուղուց դուրս բերելու ուղղությամբ եւ հոգ տանել, որպեսզի առկա հակամարտությունները նորից չբռնկվեն, ինչպես 2008 թվականի հնգօրյա պատերազմի ժամանակ։

«Հարավային Կովկասի երեք հանրապետությունների բնակիչներին մեկ միասնական ինքնություն է անհրաժեշտ՝ իրար ավելի լավ հասկանալու համար», - կարծիք է հայտնում Սեմնեբին ու մանրամասնում, - «Եվրամիությունը կարող է երեք ազգերի համար եվրոպական մեծ ընտանիքին պատկանելու նոր հայեցակարգ սահմանել, եւ դրանով իսկ օգնել նրանց՝ դուրս գալու նեղ ազգայնական ինքնորոշման շրջանակներից։ Նրանք այդուհետ կարող են միասնական նպատակներ հետապնդել, եւ ոչ թե իրենց էներգիան վատնել հակամարտությունների վրա, որոնցից որեւէ մեկը չի շահում»։

please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG