Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական տարաձայնությունները հաղթահարելու գործում միջնորդի դերում հանդես է գալիս Շվեյցարիան։

18 տարի տեւած բանակցություններից հետո Ռուսաստանը, կարծես թե, ընդհուպ մոտեցել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը վերջապես անդամակցելու պահին։

Դա արգելափակող միակ երկիրը Վրաստանն է, որի մերժողական դիրքորոշման հիմքում, իհարկե, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրներն են։

Այս տարվա դեկտեմբերի 15-ին Ժնեւում գումարվելու է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախարարների համաժողովը, որի ընթացքում էլ պետք է կայացվի Ռուսաստանին վերաբերող պաշտոնական որոշումը։

Մինչ այդ նոյեմբերի 11-ին նախատեսված է աշխատանքային խմբի հանդիպումը, որը քննելու է միջնորդի դերում հանդես եկող Շվեյցարիայի առաջարկները։

Ռուսներն անպայման պետք է կարգավորեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող Վրաստանի հետ տարաձայնությունները, քանի որ նույնիսկ մեկ երկիր ունի նոր թեկնածուի անդամակցումը վետոյի ենթարկելու իրավունք։

Անցած ուրբաթ օրը Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգի Կապանաձեն շվեյցարացիներից ստացել է փոխզիջումային համաձայնագրի նախագիծը։

«Սա խորհրդատվական փաստաթուղթ է, որը կարգավորելու է Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային փոխհարաբերությունները։ Շվեյցարացիները մեզ խնդրել են հավանություն տալ, մենք արդեն նախնական համաձայնություն ենք հայտնել, եթե ռուսներն էլ այն ընդունեն, դա նրանց կընձեռի կազմակերպությանն անդամակցելու հնարավորություն»,- ասել է փոխնախարարը։

Անցած կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Շվեյցարիայի նախագահ եւ արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյի հետ եւ շնորհակալություն հայտնել կազմակերպությանն անդամակցելու հարցում շվեյցարացիների միջնորդության համար։

Ռուսական կողմը փաստաթղթի վերաբերյալ դեռ դիրքորոշում չի հայտնել, սակայն մեկնաբանների համոզմամբ, այն դրական կլինի։

Այդ համաձայնությունն անուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանի շահերին, քանի որ ամեն անգամ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման դեպքում նախեւառաջ Հայաստանն է նյութական կորուստներ կրել։

Եթե ռուսներն անդամակցեն կառույցին, դա կնշանակի, որ բոլոր երեք երկրները, լինելով ԱՀԿ-ի անդամներ, առեւտրի ասպարեզում կխաղան նույն միջազգային օրենքներով, որոնք կտրականապես մերժում են տարատեսակ շրջափակումներն ու խոչընդոտները։

Խնդրի բարեհաջող լուծման պարագայում Ռուսաստանը 2012 թվականից կդառնա կազմակերպության անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG