Մատչելիության հղումներ

Halloween-ը Երեւանում


Դիակներ, կախարդներ, կմախքներ, սարսափ ֆիլմերի տարբեր կերպարներ. բոլորը հավաքվում են հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ նշելու Հելոուինը, որն ըստ հին անգլիական ավանդույթի, Բոլոր սրբերի տոնին նախորդող տոնն է:

Հելոուինի ծագման եւ նշանակության մասին տարբեր վարկածներ կան: Ըստ դրանցից մեկի, այդ երեկո բոլոր կախարդներն ու մահացած մարդկանց հոգիները շրջում են երկրի վրա եւ վախեցնում մարդկանց:

Կելտական ծագում ունեցող այս տոնը մեկ օր առաջ նշել են նաեւ Երեւանում:

Հելոուինը հիմնականում նշվում է Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Մինչեւ քրիստոնեության ընդունումն այն խորհրդանշել է ձմռան սկիզբը:

«Մենք նշում ենք ուղղակի ուրախանալու համար», - ասաց երիտասարդներից մեկը:

Տոնն ունի եւս մեկ ավանդույթ, ըստ որի երեխաները հատուկ Հելոուինի համար պատրաստված զգեստներով շրջում են տնետուն եւ պահանջում քաղցրավենիք, եթե մարդիկ հրաժարվում են որեւէ քաղցրավենիք տալ, նրանք տանտիրոջ գլխին մի չար կատակ են խաղում:

Ալեքսը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանում եւս փորձել են դա անել. - «Գնացինք կոնֆետներ հավաքելու, բայց մարդիկ ասում են, թե ինչի՞դ է պետք կոնֆետը եւ չտվեցին, ստիպված մենք գնեցինք կոնֆետներ»:

Շատերը առաջին անգամ չէ, որ տոնում էին Հելոուինը եւ չնայած չեն շրջում տնետուն, բայց ամեն տարի ներկայանում են նոր կերպարներով՝ սպիտակ սատանայի, Կլեոպատրայի, կատվի, հրեշտակի, բժշկի եւ այլն:

Քաղաքի ակումբներում ցանկացողներին նաեւ ամենատարբեր դիմահարդարում էին անում. - «Տարբեր կերպարներ են ուզում. գոթական՝ աչքերը լրիվ սեւ, ինչ-որ գերեզմանական կերպարներ, նոր ուզեցին «Քիսս» ռոք խմբի մենակատարի դիմահարդարումը, մեկն էլ ուզեց ջոքերի կերպարի դիմահարդարումը»:

Երեկոյի ընթացքում հանդիպեցի նաեւ երիտասարդների, ովքեր այդքան էլ դրական չէին վերաբերում հայ երիտասարդների կողմից Հելոուինը տոնելուն:

Այսօր ձեր դուռը չեն թակի եւ քաղցրավենիք չեն պահանջի տարօրինակ հագուստներով երիտասարդները, քանի որ հայ երիտասարդների մեծամասնությունն այս տոնին վերաբերում է որպես ընկերներով հավաքվելու եւ հերթական անգամ ուրախանալու առիթի:

please wait

No media source currently available

0:00 0:05:53 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG