Մատչելիության հղումներ

ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց նաեւ Հայաստանում իրականացված հետազոտությունների արդյունքները. - «Ակնհայտ երեւում է, որ Հայաստանում մահացած երեխաների խմբում կրծքով կերակրվել են ընդամենը 1 ամիս, կենդանի երեխաների պարագայում կրծքով կերակրման տեւողությունը եղել է միջինը 5 ամիս: Մահացած երեխաների խմբում մայրական կաթով սնվել են 34 տոկոսը, կենդանի երեխաների խմբում` 90-ը»:

Երկրաշարժից հետո տարբեր երկրներից Հայաստան էր ուղարկվում հումանիտար օգնություն: Հենց այդ ժամանակ, Սարիբեկյանի խոսքով, մեր երկիրը հեղեղվեց կաթնախառնուրդներով, արհեստական մանկական կերերով: Դրանց մատչելիության արդյունքում կրծքով կերակրման ցուցանիշը 67 տոկոսից իջավ 20 տոկոսի: Վիճակը բարելավելու համար 1993 թվականից Հայաստանում իրականացվում է կրծքով կերակրելու խրախուսման ծրագիր:

Առողջապահության նախարարության ու Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ մշակած օրենքի նախագիծը այժմ Ազգային ժողովում է, սակայն նախագծի հաստատումը հետաձգվել է: Այն նպատակ ունի վերացնել այն գործոնները, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսումը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ օրինագծում ընդգրկված մի կետով աշխատավայրում, քրեակատարողական հիմնարկներում հատուկ սենյակներ են հատկացվելու կերակրելու համար։

«Կաթնախառնուրդներ չօգտագործելը նաեւ թույլ է տալիս ընտանիքի բյուջեն տնտեսել», - ասում է «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: Մեկ տարվա ընթացքում ծնողները մանկական արհեստական կերերի վրա ծախսում են 300-600 հազար դրամ:

Կարինե Սարիբեկյանը նշեց, որ ապացուցված է` կանանց 95 տոկոսը ունակ է կերակրելու երեխային:

XS
SM
MD
LG