Մատչելիության հղումներ

«Մեր երկրում փաստորեն քննադատողը դիտվում է որպես թշնամի»


ՀՅԴ ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ն չի բացառում ընդդիմադիր ուժերի 50 տոկոսից ավելի ներկայացվածությունը ապագա խորհրդարանում:

Ազգային ժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, եթե ընդդիմադիր ուժերը «ճիշտ աշխատանք տանեն» եւ հնարավոր դառնա «իսկապես արթնացնել հասարակությունը», ապա շատ հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերին հաջողվի հաջորդ խորհրդարանում ունենալ 50 տոկոսից ավելի ներկայացվածություն:

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է իրական համարում 2012-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանի ինփիչմենթին հասնելու ՀԱԿ-ի ծրագիրը եւ հնարավոր է, որ Դաշնակցությունն էլ նման նախաձեռնությամբ հանդես գա` Հովհաննիսյանը պատասխանեց. - «Իրականության մեջ ես գտնում եմ, որ դա էլ ձեւ է: Եվ որ այստեղ պետք է անպայման հաղթել եւ գնալ հաղթանակի եւ հաջողել պառլամենտական ընտրություններում, ես այստեղ կասկած չունեմ` սա պետք է անել` թեկուզ ձեր ասածը [իմփիչմենթը] անելը հնարավոր դարձնելու համար»:

«Ես կարծում եմ, որ եթե ճիշտ աշխատանք տարվի եւ հնարավոր դառնա իսկապես արթնացնել հասարակությունը, շատ հնարավոր է, որ օպոզիցիոն ուժերի համատեղ ներկայացվածությունը խորհրդարանում նույնիսկ 50 տոկոսից ավելի լինի», - շարունակեց նա:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն քաղաքական ուժերից ստացել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում համագործակցության առաջարկ, Հովհաննիսյանն ասաց, որ նման առաջարկներ ստացել են` չցանկանալով մանրամասնել:

Անդրադառնալով հերթական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը` Դաշնակցության ղեկավար անդամը հիշեցրեց, որ Կոնգրեսը դեռեւս մեկ տարի առաջ բացառում էր հերթական ընտրությունները` խոսելով բացառապես արտահերթ ընտրությունների մասին. - «Իսկ հիմա արդեն հերթական ընտրությունների մասին են խոսում: Թող գնան եւ հաղթեն»:

Ասուլիսում Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը` «կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու» վերաբերյալ եւ ասաց, որ ՀՀԿ-ի ուզածն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը ենթարկվեն իրեն. - «Ինչ որ իրենք կասեն` պետք է ենթարկվել` այդպես քվեարկել, չքննադատել: Մեր երկրում փաստորեն քննադատողը դիտվում է որպես թշնամի: Մենք թույլ չենք տալու, որ որեւէ մեկը այս երկրում հեզասահ իշխի` թույլ տալով սխալը սխալի հետեւից»:

Հիշեցնենք` վարչապետի այն հայտարարությունը, թե բոլոր նրանք, ովքեր չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ, կկանգնեն «կոտրած տաշտակի առջեւ», բավականին մեծ արձագանք գտավ` սուր քննադատության թիրախ դարձնելով իշխող կուսակցությունը:

Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե իր ասածը վերաբերում էր «դեստրուկտիվ էլեմենտներին», որոնք մտադիր են ցնցումների տանել երկիրը: Այս պարզաբանման կապակցությամբ Վահան Հովհաննիսյանը ասաց, թե վարչապետը պետք է պարզ ասի, թե ում նկատի ունի. հակառակ դեպքում բոլորը, նաեւ կոալիցիոն գործընկերները, կարող են մտածել, թե նրա այդ պարզաբանումը ինչ-որ չափով իրենց էլ վերաբերում է:

«Ի՞նչ է նշանակում դեստրուկտիվ մոտեցումներ: Ես համարում եմ, որ դեստրուկտիվ է այսօր կառավարության տնտեսական գործունեությունը… Ես, օրինակ, հարց եմ տալիս. նոր հարկային փաթեթ է բերվում, ինչո՞ւ է մեր կառավարությունը պարտադրում եկամուտների պետական կոմիտեին այդքան կոշտ եւ ծանր ճնշման տակ դնել մանր եւ միջին բիզնեսին: Դա աննորմալ երեւույթ է: Բայց որովհետեւ կառավարությունը իր տնտեսական ծրագրերը կառուցելիս հասկանում է, որ երկրում լինելու են անձեռնմխելի տնտեսվարող սուբյեկտներ, ում նա չի կարողանա պարտադրել արդար խաղի կանոններ, չի կարողանա, որովհետեւ հենց իրենցից է բաղկացած, դրա համար, փաստորեն, մինչեւ օրս հարկային բեռի ծանրությունը ընկել է այն տարրերի վրա, որոնց պետք էր այսօր թույլ տալ շնչեն… Հիմա հարց եմ տալիս` ո՞վ է դեստրուկտիվ», - ասաց Վահան Հովհաննիսյանը:

Խոսելով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, մասնավորապես, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրականում քաղաքական դրդապատճառներ կային` ՀՅԴ-ի ղեկավար անդամն ասաց, թե չի կարծում, որ Կարապետյանը «բարձր ռոճիկի» կարիք ուներ եւ դրա համար հրաժարական տվեց:

«Ինքը իր հրաժարականը ներկայացնելու ժամանակ նշեց նաեւ անձնական պատճառներ, որոնք չուզեց փաթաթել մեր հասարակության վզին: Իրականում, կարծում եմ, շան գլուխը թաղված է հենց այդ` անձնական որակված պատճառների մեջ է», - ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG