Մատչելիության հղումներ

Թուրք փրկարարների համոզմամբ, երկրաշարժից տուժած շրջանում ողջ մարդ հայտնաբերելու հույս չկա, հարկավոր է մաքրել ավերակները։

Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.2 մագնիտուդի երկրաշարժից զոհվել է ավելի քան 600 մարդ, ավելի քան 4150 մարդ վնասվածք է ստացել, շուրջ 2 հազար տուն ամբողջությամբ է ավերվել, իսկ եւս 3700 տներում, ըստ իշխանությունների, այլեւս հնարավոր չէ ապրել եւ դրանք ենթակա են քանդման։

Երեկվանից փրկարարները դադարեցրել են որոնման աշխատանքները եւ սկսել են մաքրել ավերված բնակավայրերը։ «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, «հիմա աղետի գոտում որոնող շներին փոխարինել են բուլդոզերները»։

Փրկարարների համոզմամբ, այս օրերին Վանում հաստատված ցուրտ եղանակի պայմաններում ողջ մնացած մարդ հայտնաբերելու հույս չկա։

Վերջինը, ում բախտը բերել է` 12-ամյա Ֆերհաթ Թոքայն է, նրան փրկել են անցած ուրբաթ օրը, տղան 108 ժամ է անցկացրել փլատակներում։

«Թերեւս միայն հրաշքի դեպքում է դա հնարավոր»,- ասել է մի բժիշկ CNN-Turk հեռուստակայանին։

Երեկ Վանում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով հետցնցում, քաղաքում անմիջապես խուճապ է սկսվել։

Ամենատուժած բնակավայրն Էրջիսն է։ Բժիշկները բնակիչներին կոչ են անում չխմել ջրամատակարարման ցանցի ջուրը, քանի որ ամբողջ համակարգը վնասվել է, եւ ծորակի ջուրը համաճարակի աղբյուր է դարձել։

Աղետի գոտում ոչ միայն ջուրն է խնդիր։ Մեծ թվով աղետյալներ ասում են, թե չունեն կացարաններ, վրաններ, վառարաններ, քնապարկեր։

«Ոմանք փորձել են տներ վարձել, գինն անմիջապես աճել է, սա անբարեխղճություն է», - ասել է Վանի անշարժ գույքի գործակալությունների միության ղեկավար Սալիհ Օզբեքը։

Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը հավաստիացրել է, որ բոլոր անօթեւանները մինչեւ 2012 թվականի սեպտեմբերը կստանան նոր բնակարաններ, բայց այսօր գերխնդիրը գալիք ցրտաշունչ ձմեռը վերապրելն է։

Երկրաշարժի առաջին օրը Թուրքիան մերժել է օտարների աջակցությունը, սակայն հետագայում ստիպված է եղել մարդասիրական օգնություն ընդունել նույնիսկ Իսրայելից եւ Հայաստանից, ինչպես «Ֆրանսպրեսն» է հաղորդում` «երկու պետություն, որոնց հետ Անկարան ունի լարված հարաբերություններ»։

Սակայն, ըստ թուրք պաշտոնյաների, այդ օգնությունն ընդունելը բնավ չի վկայում հարաբերությունների քաղաքական բարելավման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG