Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» վարկավորման եւ վերագործարկման հարցը ձգձգվում է


Հանրապետական կուսակցության՝ կիրակի օրը կազմակերպած տնտեսական կոնֆերանսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետը, մասնավորապես, պատասխանեց այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան ЕврАзЭс-ին` Եվրասիական տնտեսական հանրությանը, Հայաստանի կառավարության դիմումից:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը դեռեւս անցած տարի դիմել է ЕврАзЭс-ին, որպեսզի քննարկվի «Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագիրը, որը մշակվել էր գործարանի կողմից։

«Բավականին մանրակրկիտ այդ ծրագիրը քննարկվել է, ЕврАзЭс-ի կողմից գործուղվել են մասնագետներ Հայաստան, որոնք ուսումնասիրել են քիմիական ոլորտը», - ասաց վարչապետը։ - «Այս պահի դրությամբ անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք օպերատոր, որը պատրաստ է իր վրա վերցնել «Նաիրիտի» մենեջմենթը, եւ մեզ համար կարեւոր է, որ այդ վարկը տրամադրվի օպերատորի առկայության դեպքում, որպեսզի կառավարությունը իր վրա չվերցնի լրացուցիչ ռիսկեր»։

Տիգրան Սարգսյանի խոսքով, խնդիրը ձգձգվում է այն պատճառով, որ «Նաիրիտը» մեծ գործարան է, բարդ տեխնոլոգիական գործառույթներով, որի զարգացման հնարավորությունները բազմազան են, ուղղությունները բազմաթիվ են։

«Այդ ամենը բարդություններ է մտցնում նաեւ նման բարդ գործարանի կառավարման մեջ եւ այդտեղ արագ, շուտափույթ լուծումները վտանգավոր են», - հայտարարեց վարչապետը։

Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ «Նաիրիտի» տեխնիկական բիզնես ծրագրի մշակմամբ զբաղվում է գերմանական ընկերություն, բանակցություններ են վարվում հնարվոր օպերատորի ներգրավման ուղղությամբ, գործարանի հարցը քննարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ՝ «որովհետեւ այդ վարկային միջոցների ներգրավումը մենք պետք է անենք այնպես, որ Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական ռիսկեր չառաջացնի»։

Ավելի քան մեկ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանը ամսական ծախսում է մոտ 33 միլիոն դրամ։ Այդ գումարը գոյանում է էլեկտրաէներգիայի եւ ջրի սպառումից։

Գործարանի 3045 աշխատողների գրեթե կեսը պարապուրդում է։ Անցած ամիսներին «Նաիրիտի» աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց ուշացվող աշխատավարձերը։

Գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվել է 512.26 միլիոն դոլար, որից 145.8 միլիոնով պետք է մարվեն «Նաիրիտ»-ի կուտակած պարտքերը:
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG