Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ավարտում է Լիբիայի գործողությունը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հյուսիսատլանտյան դաշինքը միաժամանակ հայտարարել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ է օգնել Լիբիայի անցումային վարչակազմին։

Անցած շաբաթավեջին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշել է ավարտել ռազմական գործողությունը Լիբիայում՝ հայտնելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ կլինի աջակցել այդ երկրի նոր վարչակազմին։

Որոշումն ընդունվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քվեարկությամբ վճռել է սպառված համարել Լիբիայի հարցով ՆԱՏՕ-ին տրված մանդատը։

«Լիբիայի օպերացիան 2011 թվականի հոկտեմբերի 31-ից ավարտված է, մենք մեր ռազմական աշխատանքը կատարել ենք»,- այսպիսի գրություն է տեղադրել Թվիթերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Օգնության խնդրանք ստանալու դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է սատարել անցումային վարչակազմին սահմաններն ապահովելու եւ ապօրինի միգրացիան կանխելու հարցերում։ ՆԱՏՕ-ն նաեւ կարող է օգնել Լիբիային այնպես բարեփոխել անվտանգության եւ պաշտպանության համակարգերը, որ դեմոկրատական բոլոր հաստատությունները շարունակեն ազատ եւ ապահով գործել»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ռասմուսենը։

«Միավորված պաշտպան» անվամբ Լիբիայում այս տարվա մարտի 31-ից իրականացվող օպերացիան հոկտեմբերի 31-ին ավարտելու որոշումն ընդունվել է Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Մարտի 19-ից Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օդային գրոհներ են իրականացրել՝ ստիպելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի բանակին դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա։

Հետագայում ՆԱՏՕ-ն թռիչքազերծ գոտի է սահմանել եւ արգելել է նավարկությունը Լիբիայի տարածքային ջրերում, այդպես Քադաֆիին զրկելով նաեւ դրսից օգնություն ստանալու հնարավորությունից։

ՆԱՏՕ-ն պնդում է, որ Լիբիայում ոչ թե պատերազմ է մղել գնդապետ Քադաֆիի ուժերի դեմ, այլ պաշտպանել է խաղաղ բնակչությանը եւ օգնել անցումային վարչակազմի ստորաբաժանումներին։

Ինքը Մուամար Քադաֆին հոկտեմբերի 20-ին սպանվել է Սիրթ քաղաքի մոկատայքում։

ՆԱՏՕ-ին այս օպերացիայի ընթացքում աջակցել են դաշինքի անդամ չհանդիսացող որոշ երկրներ` Քաթարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Նորվեգիան, մինչդեռ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ Գերմանիան եւ Լեհաստանը հրաժարվել են մասնակցել Լիբիայի արշավին, ինչի համար քննադատության են ենթարկվել մասնակից երկրների կողմից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ «Միավորված պաշտպանը» դաշինքի ամենաարդյունավետ գործողություններից մեկն է։

ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ 26 հազար թռիչք է կատարել, այդ թվում` 9600 գրոհ եւ ոչնչացրել է 5900 ռազմական թիրախ։ ՆԱՏՕ-ն Լիբիայում մարտական գործողությունների ընթացքում մարդուժի կորուստ չի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG