Մատչելիության հղումներ

Կադրային մի շարք փոփոխություններ Լեռնային Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ միանգամից աշխատանքից հեռացվեցին երկու շրջվարչակազմի ղեկավարներ եւ նշանակվեցին նոր մարդիկ: Դրան հետեւեց գյուղատնտեսության նախարարի հրաժարականը:

Բոլոր հեռացած եւ հեռացված պաշտոնյաների տեղերում նշանակվեցին մարդիկ, ովքեր ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ են` ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ այլն:

Գյուղնախարարի հրաժարականը, ինչպես ինքը` Արմո Ծատրյանը նշեց, պայմանավորված է ընտանեկան խնդիրներով:

«Վերջերս բոլորդ էլ տեղյակ եք, որ ընտանեկան պայմաններից ելնելով, ես անընդհատ բացակայում էի, իսկ բացակայությունս թույլ չի տալիս, որ իմ պարտականությունները լիարժեքորեն կատարեմ: Դրա համար ես վարչապետին խնդրել եմ ինձ պաշտոնից ազատել», - հայտարարեց Ծատրյանը:

Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնող Ծատրյանին փոխարինեց Անդրանիկ Խաչատրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը եւ ժամանակին աշխատել էր Ազգային անվտանգության ծառայությունում:

ԼՂ-ի վարչապետ Արա Հարությունյանը, ներկայացնելով նորանշանակ գյուղնախարարին, անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները վարչապետին դեռեւս չեն գոհացնում. երկրի ապագան, Արա Հարությունյանի համոզմամբ, պայմանվորված է գյուղատնտեսության աճով:

«Սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման աստիճանը կախված է լինելու գյուղատնտեսության մեջ մեր հաջողություններից, պարենային խնդրի լուծման աշխատանքներից», - ասաց Հարությունյանը:

Միանգամից երկու շրջվարչակազմի ղեկավարներին հեռացնելու փաստը Ղարաբաղում արձագանք չունեցավ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետ Արա Հարությանյանը նշեց, թե այդ ղեկավարները հեռացվել են իրենց պարտականությունները ոչ բավարար կատարելու պատճառով, մասնավորապես, թերացել են գյուղատնտեսական վարկերի վերադարձման մեջ: Այսպիսով, ԼՂ-ի 7 շրջվարչակազմի ղեկավարներից 4-ը ուժային կառույցների նախկին ղեկավարներ են:

Հարցին, թե արդյո՞ք սա պատահականություն է, թե՞ նպատակային քաղաքականություն, վարչապետը պատասխանեց. - «Ղարաբաղում բոլորն են ուժային կառույցի ներկայացուցիչ, որովհետեւ ծառայել են կա'մ Պաշտպանության բանակում, կա'մ տարբեր նման ստորաբաժանումներում` մանավանդ, պատերազմի ժամանակ: Իրականում այդ կառույցներում աշխատած մարդիկ ավելի կարգապահ են, ավելի բարձր պետական մտածողություն ունեն»:

please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG