Մատչելիության հղումներ

Արխիվները լցվում են ֆիլմերով, բայց էկրան չեն բարձրանում


Հայաստանում երիտասարդ եւ դեռեւս անուն ձեռք չբերած ռեժիսորների մեծ մասի ֆիլմերը չեն գնահատվում:

Այդ ֆիլմերը էկրան են բարձրանում միայն արտասահմացի հանդիսատեսի կողմից բարձր գնահատականի արժանանալուց հետո: Երիտասարդ ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի առաջին աշխատանքը ուսանողական տարիներին նկարահանած վավերագրական ֆիլմն է, որ ներկայացնում է Հայաստանում երթուղայինների վիճակը:

«Երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո 2006-ին վերադարձա Հայաստան ու առաջին շոկային հարվածը, որ եղավ, երթուղայիններում մի կերպ տեղավորվող 2 տասնյակ մարդկանց տեսնելն էր», - «Մաքսլիբերթի»-ին պատմում է Սիմոնյանը:

Երիտասարդ ռեժիսորը 6 ամիսների ընթացքում նկարահանումներ է կատարել երթուղայիններում` պիկ ժամերին: Արուսյակի խոսքերով` վավերագրության ժանրում ռեժիսորը ունենում է գաղափար, սակայն ֆիլմի ավարտի մասին պատկերացում չի լինում, քանի որ հավանական է` գործողություններն այլ ընթացք ստանան:

«6 ամիս երթուղայիններում նկարահանումներից հետո տեղի ունեցան 2008-ի մարտի մեկյան հայտնի դեպքերը, որոնք ամեն ինչից անկախ ընդգրկվել են ֆիլմում` չունենալով որեւէ քաղաքական ենթատեքստ: Ֆիլմում ներկայացնում եմ ճնշված ժողովրդին եւ այդ ժամանակի Հայաստանը», - ասում է Արուսյակը:

Երիտասարդ ռեժիսորը պատմում է, որ 2009-ին Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվելուց հետո ֆիլմը չի ընդունվում այնպես, ինչպես ինքն էր սպասում: 2 տարի ֆիմը չի ցուցադրվել, որից հետո պատահական հայտնվել է Օբերհաուզենի եւ Լեպցիկի փառատոններում: Հայաստանում այն մեծ էկրան է բարձրացել նկարահանումներից 3 տարի անց:

Արուսյակ Սիմոնյանը նշում է, որ պետությունից երբեք ոչ մի աջակցություն չի ստացել, չնայած դրան` կարողացել է ֆիլմեր նկարել: Նա չի հարմարվում այն իրողությանը, որ դիմացինի աշխատանքը գրոշներով է գնահատվում:

Մեկ այլ երիտասարդ ռեժիսոր Ռոզա Ամիրխանյանի «Ծերացած դաշնամուր» գեղարվեստական ֆիլմը երիտասարդների եւ մեծասակների կոնֆլիկտի մասին է: Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որի անդամներից կրտսերը` տղան ցանկանում է վաճառել տան դաշնամուր, որը, հոր համոզմամբ, ժամանակին նվագել է Կոմիտասը:

Ֆիլմի հիմքում ընկած է երիտասարդների եւ ավագ սերնդի մտածելակերպի բախումը: Այս կոնֆլիկտը արտացոլվում է նաեւ հերոսների երաժշտական ճաշակով` հայրը Կոմիտաս է լսում, որդին` ռաբիս:

«Սկզբնական նախապատրաստական աշխատանքներն ավելի բարդ են եղել, քան նկարահանումների ընթացքը», - պատմում է Ռոզան եւ հավելում, որ շատ է կարեւորել դերասանական ճիշտ կազմի ընտրությունը:

Ռոզա Ամիրխանյանի խոսքերով` ֆիլմի մասին շրջապատում եւ դասախոսական կազմի կողմից հիմնականում դրական արձագանքներ են եղել: Կինոփառատոնների դեռ չի մասնակցել, նպատակ ունի ներկայանալ մեկ այլ` ավելի լավ ֆիլմով:
please wait

No media source currently available

0:00 0:08:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG