Մատչելիության հղումներ

logo-print

Սխալ սննդակարգ, ծխախոտ, նստակայաց կյանք. սրանք այն նախադրյալնեն են, որոնք ժամանակի ընթացքում հանգեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների:

Այս հիվանդությունները Հայաստանում տոկոսային հարաբերությամբ գուցե աճ չեն գրանցել, սակայն դրանց երիտասարդացում միանշանակ նկատվում է: Սփյուռքի նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ ջանքերով արդեն 3-րդ անգամ Հայաստանում գումարվում է Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը:

Խոսելով համաժողովի նպատակների մասին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. - «Մեր նախարարության առաջ խնդիր է դրված հանել սփյուռքի ներուժը, իսկ սփյուռքի ներուժի համախմբման ամենագլխավոր ձեւերից մեկը մասնագիտական համաժողովների կազմակերպումն է: Մենք փորձում ենք, փաստորեն, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ մասնագետների բերել կողք կողքի, որ նրանք փորձեն իրենց գիտելիքները, կարողությունները փոխանցել միմյանց»:

Համաժողովին մասնակցում են շուրջ 300 սրտաբան Հայաստանից ու արտասահմանից: «Եվրակովկասյան սրտաբանության կոնգրես» կազմակերպության խորհրդի նախագահ Փոլ Բառռագայի խոսքով` այսօր Հայաստանն ունի ոլորտի լավագույն մասնագետներն ու հայ սրտաբաների որակավորումը համապատասխանում է արեւմտյան եվրոպայի զարգացած երկրների սրտաբանների որակավորմանը:

«Այսօր շնորհիվ նոր մակարդակի կարդիոլոգիայի Ֆրանսիայում սրտի հիվանդությունների պատճառով առաջացած մահացությունների դեպքերն այլեւս առաջին տեղում չեն, առաջինը հիմա քաղցկեղն է: Մեր նպատակն է, որ համագործակցությունների, փորձի փոխանակման արդյունքում Հայաստանում էլ սրտի խնդիրներն անցնեն մյուս պլան», - նշեց Բառռագան:

Ֆրանսիական կողմի համակազմակերպողներից Ավետիս Մատիկյանի խոսքով` մարդու տարիքին զուգահեռ բարձրանում է նաեւ սրտի հիվանդությունների ռիսկը: Նա ցավով նշում է, որ Հայաստանում այն ավելի երիտասարդացել է: Հայաստանում միջին տարիքը 40-45-ն է, իսկ արեւմտյան երկրներում` 55-ից հետո:
Հայաստանում սրտային հիվանդությունների երիտասարդացման շուրջ Մատիկյանն իր բացատրությունն ունի. - «Այստեղ փոխվել է ապրելակերպը, բայց չի փոխվել սնվելու ձեւը: Սնվում ենք, ինչպես կսնվեինք նախկինում` ֆիզիկական ուժ գործադրած ժամանակ: Օրինակ, այն ժամանակ մեծ ֆիզիկական ուժ էինք գործադրում դաշտերում աշխատելով, իսկ հիմա ամենամեծ ֆիզիակական ուժը, որ մարդիկ գործադրում են, մեքենայի բանալին պտտացնելն է, որ մեքենան աշխատի, ուրեմն նույն կերպ չենք կարող սնվել»:

Փոլ Բառռագան, խոսելով Ֆրանսիայում այս հիվանդության կանխարգելման շուրջ տարվող առաջին քայլերից, նշում է. - «Մենք Ֆրանսիայում պայքարում ենք նախ ծխելու դեմ, որովհետեւ սրտի հետ կապված առաջին խնդիրները գալիս են ծխախոտից: Սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից, մենք երիտասարդությանն անըդհատ քարոզում ենք չծխել, շատ շարժվել, շատ միրգ ուտել ու հրաժարվել անառողջ սննդից»:

Ավետիս Մատիկյանը համաձայն է` ծխախոտը մարդու առաջին թշնամին է, բայց նա նման հիվանդությունների առաջացման պատճառների շարքում կարեւորում է նաեւ սթրեսի գործոնը: Մատիկյանը նշում է, որ իր խորհուրդը գուցե շատ սովորոկան հնչի, բայց սիրտն առողջ պահելու կարեւոր պայմանները սրանք են` ծխախոտ չծխել, շատ քայլել, շարժվել, սնվել ճիշտ սննդակարգով եւ ուտել այնքան, որ չգիրանալ:

XS
SM
MD
LG