Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թերթի խմբագիր է ձերբակալվել


Ադրբեջանում ձերբակալել են անկախ «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովին:

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակիցը հայտնում է, որ Զեյնալովը մեղադրվում է խորհրդարանի պատգամավոր Գյուլյար Ահմեդովայից կաշառք պահանջելու մեջ:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, թերթի խմբագիրը շանտաժի է ենթարկել պատգամավորին` ասելով, որ ինքը վերջինիս վարկաբեկող նյութեր ունի:

Սակայն խմբագրի փաստաբանը հերքել է այս տեղեկությունը: Փաստաբանի խոսքով` Ահմեդովան ինքն է եկել թերթի խմբագրի մոտ եւ կաշառք առաջարկել իշխանամետ դիրք գրավելու համար, իսկ Զեյնալովը չի ընդունել այս առաջարկը:

Ավելի վաղ թերթի գույքն էր բռնագրավվել` մի քանի բարձրաստիճան անձանց, այդ թվում` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի ներկայացրած հայցերի դատավճիռներով տուգանքները չվճարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG