Մատչելիության հղումներ

Բոլոնյան գործընթացն ու բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները


ԱԺ պատգամավորներն ու կրթության ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձան ոլորտի խնդիրներին:

Հայկական կրթական տարածքում Բոլոնյան գործընթացի տեղայնացման մարտահրավերների, արձանագրված հաջողությունների եւ զարգացման հեռանկարներին անդրադարձան Կրթության եւ գիտության նախարարը, Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը, Հայ ազգային կոնգրեսի կրթության եւ գիտության հանձնաժողովի համակարգող Սամվել Կարաբեկյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Բոլոնիայի վերջնանպատակների ժամկետը հետաձգվել է մինչեւ 2020 թվականը: Նախարարությունը հաստատել է իրականացվող բարեփոխումների ազգային ծրագիրը, ըստ որի կհամակարգվեն բարեփոխումների ուղղությունները: Դրանք են եռաստիճան կրթական համակարգ (բակալավր, մագիստրոս, հետազոտող), կրեդիտային համակարգ եւ այլն: Մինչեւ այսօր իրականացված կրթական բարեփոխումներն ընթացել են հիմնականում փաստաթղթային հունով, իսկ որակական առումով դեռ չլուծված շատ խնդիրներ կան:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Անահիտ Բախշյանը նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու են բուհերի կառավարման խորհրդի անդամները վարչապետը, նախագահը եւ այլն:

«Մեզ մոտ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են: Ոչ մի կերպ հասկանի չի, թե հանրապետության նախագահն ինչո՞ւ պետք է ԵՊՀ-ի խորհրդի նախագահը լինի, կամ վարչապետը` Մանկավարժականի խորհրդի նախագահը: Արդյո՞ք իրենք ժամանակ ունեն զբաղվելու այդ բուհի խնդիրներով եւ այլն», - իր մտահոգությունները հայտնեց Բախշյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով նաեւ ԵՊՀ-ի դասախոս է, անդրադառնալով Աշոտյանի նշած կարեւոր քայլերից մեկին` այն է ունենալ ուսանողակենտրոն համակարգ, հետաքրքրվեց, թե ո՞ւմ է պետք նման համակարգը:

«Կրթված եւ ուսյալ երիտասարդը կարո՞ղ է պետության մեջ իր դիրքը գրավել, որովհետեւ շատ հաճախ դիրքը, տեղը եւ կրթվածությունը հակադարձ համեմատական կատեգորիաներ են Հայաստանում», - նշեց Սեդրակյանը:

ՀԱԿ կրթության եւ գիտության հանձնաժողովի համակարգող Սամվել Կարաբեկյանն ասաց, որ բարեփոխումների գործընթացի հաջող իրականացման գործընթացում պակասում են ակտիվ քննարկումները: Ըստ Կարաբեկյանի` այսօր պակասում են նաեւ որոշ խնդիրների լուծման համար հարկավոր կոնկրետ գործիքները: Դրանցից է, օրինակ, պետական բուհերի իրավակազմակերպման կարգավիճակը` որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

«Ակնհայտ է, որ կրթությունն այսօր ոչ միայն հասարակական արժեք է, այլ նաեւ բիզնես, եկեք ճիշտ խոսենք: Հետեւաբար պարզապես հասկանալի է, որ ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը լուրջ խոչընդոտ է այդ ոլորտում ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005 թվականին:

please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG