Մատչելիության հղումներ

logo-print

Ազգագրագետը «ոչ կոռեկտ» չի համարում մարդահամարի հարցաշարը


Հրանուշ Խառատյանը (ձախից) մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Հրանուշ Խառատյանը (ձախից) մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, Հայաստանում անցկացված վերջին մարդահամարի հարցաթերթում նշված հարցաշարը թերի է։

«Ոչ կոռեկտ չեմ համարում, բացի մարդկանց անունները գրանցելը, որովհետեւ իսկապես եթե դա անոնիմ է, ապա մարդկանց անունները չպիտի գրանցվեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցաշարի վերաբերյալ կարծիք հայտնեց Հրանուշ Խառատյանը՝ այդուհանդերձ նշելով, որ դա կարելի է երկրորդական համարել։ - «Բայց ես համարում եմ, որ թերի է։ Օրինակ, երբ որ լեզուների մասին հարցնում են, երկրորդ լեզվից հետո կանգ առան։ Իմ ընտանիքում մարդիկ կան, որ հինգ լեզու են տիրապետում։ Իմ ընտանիքը մասնավոր դեպք չէ՝ Հայաստանում շատ կան, բայց մենք այս մարդահամարով չենք կարող երկրի բազմազանության պատկերը պարզել։ Շատ ափսոս է այսքան դրամ ծախսել եւ այսպիսի անորոշ պատկեր ստանալ»։

Հրանուշ Խառատյանը լուրջ չի համարում մամուլում հնչող մտահոգությունները, թե մարդահամարը, ի թիվս այլ նպատակների, նաեւ առաջիկա ընտրությունների համատեքստում ընտրազանգվածը ճշգրտելու եւ ընտրակեղծիքներ նախապատրաստելու խնդիր ունի․ - «Եթե նախապես ընտրությունները նախածրագրավորված են կեղծիքի ճանապարհով, ապա նախորդ մարդահամարները բավական են, որ դրանք ծրագրավորվեն։ Նոր մարդահամարի նյութը, որը սկզբունքորեն կանխորոշված է՝ 90 տոկոս վստահությամբ կարելի է մոտավոր պատկերը ասել, թե ինչ արդյունք պետք է տա՝ արդեն հայտնի է լինում»։

Վերջին մարդահամարի հարցաշարը, այնուամենայնիվ, նախորդից շահեկանորեն տարբերվում է, մասնավորապես, սոցիալական հարցադրումների առումով, սակայն բնակչության անվստահությունը երբեմն խանգարում է ճշմարիտ պատկեր ստանալուն, նկատում է ազգագրագետը․ - «Օրինակ հասարակ հարցը՝ դրսից ստանո՞ւմ եք որոշ օգնություն, մարդկանց մոտ տագնապ է առաջացնում, որ դա վերջում օգտագործվելու է իրենց դեմ, եթե իրենք սոցիալական նպաստառու են, մինչդեռ ճիշտ պատասխանի դեպքում գոնե կարելի էր համեմատաբար մոտենալ այն պատկերին, թե իրականում ինչքա՞ն մարդ է դրսից օգնությամբ ապրում։ Սա մեր երկրի տնտեսության զարգացումների վերաբերյալ պատկերը կպարզեր»։

Անդրադառնալով Հայաստանում բնակչության աճի խնդիրներին, Հրանուշ Խառատյանը «աղետալի» գնահատեց ժողովրդագրական վիճակը՝ մատնանշելով հետեւյալ հանգամանքները - «Բնակչության ընդհանուր թվի, ծնելիության, ամլության, բայց այս բոլորով հանդերձ նաեւ ժողովրդագրական կառուցվածքի՝ տարեցների, երիտասարդների եւ միջին սերնդի եւ մանկական տարիքի համամասնությունը շատ կտրուկ խախտվել է»։

Այս վիճակի հիմնական պատճառը Հայաստանի բնակչության շատ կտրուկ սոցիալական բեւեռացումն է, ամփոփեց ազգագրագետը։

Այս հարցի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

«Անցումային ժամանակի բացասական ազդեցությունը բավական զգալի էր», - ասաց փորձագետն ու մասնավորեցրեց․ - «Բնակչության ծերացում, ծնելիության անկում եւ միգրացիայի բարձր տեմպեր։ Առաջինը, բնականաբար, սոցիալ-տնտեսական իրավիճակը, փոփոխությունները, շուկայական հարաբերությունների անցնելը, որում ոչ բոլորը կարողացան իրենց տեղը գտնել եւ փորձեցին դուրս գալ։ Ինչ վերաբերում է ծնելիության անկմանը, նորից հաշվի առնելով իրավիճակը, ծանր տարիները, դրանից հետո եկած թեկուզեւ բավականին հստակ, բայց շատ դանդաղ զարգացումը բերեց նրան, ինչը որ մենք ունենք։ Իսկ մենք ունենք ընդամենը 1.5 ծնելիություն մեկ կնոջ հաշվով, այսինքն 2 կին ունենում են 3 երեխա»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG