Մատչելիության հղումներ

«Գաստարբայտերների» հոսք դեպի Ադրբեջան


Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը գրավիչ է աշխատանք որոնող օտարերկրացիների համար, սակայն շատերը իրականում հայտնվում են ստրուկների վիճակում։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Դուրնա Սաֆարլիի փոխանցմամբ, Մինգեչաուրի էլեկտրակայանը Երկրորդ աշխարհամարտից հետո կառուցել են շուրջ 10,000 գերմանացի գերիներ։

Անցել է 7 տասնամյակ, եւ հիմա էլ էլեկտրակայանի հիմնանորոգման աշխատանքով են օտարերկրացիները զբաղվում։ Այս անգամ խոսքը Չինաստանից Ադրբեջան հասած բանվորների մասին է, ովքեր ստրուկների կարգավիճակում են գտնվում։

Մինգեչաուրն Ադրբեջանի ամենախոշոր էլեկտրակայանն է։ Դրա հզորությունն ավելացնելու նպատակով ադրբեջանցիները հրավիրում են չինացի բանվորների խումբ, որոնց չեն գրանցում եւ ստիպում են 24 ժամ աշխատել։ Դա տեւում է 3-ից 6 ամիս, ապա խումբը տուն է վերադառնում եւ դրան փոխարինում է մեկ ուրիշը։ Այդպես ապահովվում է շուրջ 130 չինացի բանվորների մշտական ներկայությունը Մինգեչաուրում։

Չինացիներն ամենածանր աշխատանքն են կատարում։ Նրանք, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի հաղորդագրության, ապրում են անտանելի թշվառության մեջ։ Նրանք ահավոր վախեցած են, գերադասում են չխոսել, լրագրող տեսնելիս` սարսափահար հեռանում են, նրանց աշխատանքը կարգավորող չինացի ղեկավարն ընդհանրապես անհետացել է՝ նախապես տեղեկանալով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցի մասին։

Ադրբեջանի աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալներով, այսօրվա դրությամբ երկրում պաշտոնապես գրանցված է 9123 օտարերկրացի աշխատող, որոնցից 595-ը Չինաստանից է։ Բոլոր օտարերկրացիները պարտավոր են ստանալ աշխատանքի թույլտվություն, իսկ գործատուն պարտավոր է պետությանը վճարել ավելի քան 1000 դոլար օտարերկրացի աշխատող վարձելու համար։

Ենթադրվում է, որ օտարերկրացի աշխատողների թիվն իրականում բազմիցս գերազանցում է պաշտոնական տվյալները, պարզապես գործատերերը նրանց մասին չեն հայտնում իշխանություններին, չեն գրանցում եւ բառիս բուն իմաստով ստրուկների նման են շահագործում։

«Ադրբեջանի միգրացիայի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ալովսատ Ալիեւն ասել է, թե գործատերերը գերադասում են վարձել չինացիների, քանի որ նրանք հլու հնազանդ են եւ պատրաստ են աշխատել նվազագույն վճարի դիմաց։

«Եթե իշխանությունները բացահայտում են օտարերկրացու առանց թույլտվության շահագործելու դեպք, գործատերը տուգանվում է 30 հազար մանաթով, դա մոտ 38 հազար դոլար է»,- ասել է «Ադրբեջանի միգրացիայի կենտրոնի» ղեկավարը։

Չինացի բանվորները չեն հայտնում իրենց ռոճիկի չափը, սակայն որոշ հաղորդագրությունների համաձայն, չինացին տեղացի բանվորի ռոճիկի մեկ-երրորդն էլ չի ստանում՝ օրական վաստակում է 3-ից 4 դոլար։

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի հիմնանորոգման տենդերը շահած «Ազերէներջի» ընկերությունից օտարերկրացիներ վարձելու հայտ չեն ստացել։

«Ազերէներջին» համագործակցում է SNEEC չինական ընկերության հետ, որը սարքավորումներ եւ շինանյութ է մատակարարում, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք «Ազերէներջին» այդ ընկերությանը խնդրել է նաեւ էժան աշխատուժ ապահովել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG