Մատչելիության հղումներ

ԿԳՆ-ն, ըստ փորձագետների, արդյունավետորեն չի ծախսում պետական միջոցները


«Կրթության ոլորտում բյուջեի թափանցիկության, ծախսերի արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հանուն կրթության եւ գիտության» հասարակական կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում ոլորտում բացահայտվել են մի շարք թերացումներ:

Ըստ կազմակերպության նախագահ Մերի Ալեքսանյանի` պետք է վերանայել ուսուցիչների մրցույթի թեստերի մշակման մեխանիզմներն ու անցկացման ընթացակարգը, քանի որ տարիներ շարունակ կիրառվող այս համակարգը լի է կոռուպցիոն դրսեւորումներով:

«Աշխատանքներն իրականացնելու համար առանձին գումար բյուջեյից չի տրամադրվում: Դպրոցն ինչպես ուզում, այպես էլ կազմում է թեստերը, ոչ մի վերահսկողություն չկա: Աշխատանքի ընդունվելու ժամանակ ուսուցիչների համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Ամեն ինչ թողնված է դպրոցի տնօրենի բարեխղճությանը, եւ այս դեպքում շատ հաճախ աշխատանքի ընդունվելու համար գործում է կաշառք, ծանոթ, բարեկամ սկզբունքը», - ասաց Ալեքսանյանը:

Այս ուսումնական տարվա դասագրքերի ստեղծման համար, ինչպես նշեց հկ-ի նախագահը, նախատեսվել է 765 միլիոն դրամ, սակայն, նրա խոսքով, այս գումարները արդյունավետ չեն ծախսվում, քանի որ դասագրքերը պարունակում են մի շարք սխալներ, վրիպակներ, շատ հաճախ դրանք շատ բարդ եւ անհասկանալի են երեխաների համար:

«Տպագրելուց հետո միայն հայտնաբերում են թերությունները, եւ հաջորդ տարի եւս այդքան գումար տրամադրում նոր գրքերի համար», - նշեց Ալեքսանյանը:

Ուսումնասիրության համաձայն` Կրթության ազգային ինստիտուտը ուսուցիչների վերապատրաստման եւ մեթոդաբանական թեստերի վրա ծախսում է իր բյուջեի կեսից ավելին, սակայն չի ապահովում համապատասխան որակ: Հասարակական կազմակերպությունն առաջարկում է միջոցներ հատկացնել անկախ սոցիոլոգիական կազմակերպություններին, որոնք կարող են ուսումնասիրել եւ ներկայացնել գործընթացի արդյունավետությունը, վերհանել խնդիրները:

Փորձագետ Կարեն Հակոբյանն անդրադարձավ կրթության ոլորտի պետական բյուջեին:

«Մեր պետությունը կրթությունը հռչակել է գերակա ճյուղ, սակայն 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով «Կրթության ֆինանսավորում» տողը ավելացել է ընդամենը 0,22 տոկոսով` 2011-ի համեմատությամբ», - շեշտեց փորձագետը:

Յուրաքանչյուր տարի կրթության եւ գիտության նախարարությունը 7 հասարակական կազմակերպությունների որոշակի ծրագրեր իրականացնելու համար տրամադրում է մոտ 1 միլիոն դոլար:

Ալեքսանյանի եւ Հակոբյանի խոսքերով` այդ կազմակերպությունների ծրագրերը ոչ թե կրթական, այլ մշակութային եւ սպորտային բնույթ ունեն: Նրանք այս հատկացումները անվանում են միջոցների վատնում:

«Հանուն կրթության եւ գիտության» հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ իրենք քննարկմանը հրավիրել էին նաեւ նախարարության ներկայացուցիչներին, սակայն նրանցից ոչ մեկը չներկայացավ: Կազմակերպությունը մտադիր է կրթությանը հատկացվող բյուջեի արդյունավետ կառավարման նախագիծ մշակել եւ ներկայացնել նախարարություն:
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG