Մատչելիության հղումներ

ԵՄ-ի երկրներն ու Հայաստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Եվրոպական ընտանիքը հինգշաբթի օրը եւս մեկ քայլ կատարեց Հայաստանի քաղաքացիների առջեւ իր դռները բացելու ուղղությամբ. Եվրամիության անդամ տասը երկրներն ու պաշտոնական Երեւանը Լյուքսեմբուրգում հռչակագիր ստորագրեցին՝ միգրացիայի ոլորտում համագործակցելու վերաբերյալ։

Օրենքի պարտադիր ուժ չունեցող այս գործընկերությունը, ըստ պաշտոնական հաղորդագրություն, հնարավորություն կտա կողմերին համատեղ եւ առավել լավ կառավարել միգրացիոն հոսքերը, կանոնակարգել հայաստանցիների օրինական մուտքը Եվրամիություն, ինչպես նաեւ պայքարել անօրինական միգրացիայի դեմ՝ Եվրամիության, Հայաստանի եւ հենց իրենց` միգրանտների շահերը պաշտպանելու նպատակով։

Այսօրինակ փաստաթուղթ Եվրամիությունը մինչ այժմ ստորագրել էր նախկին Խորհրդային Միության ընդամենը երկու երկրի՝ Վրաստանի եւ Մոլդովայի հետ։ Երրորդը, փաստորեն, Հայաստանն է։

«Այս գործընկերության մեկնարկը շատ կարեւոր առաջընթաց քայլ է՝ Եվրոպայի եւ Հայաստանի քաղաքացիներին մերձեցնելու ուղղությամբ», - հռչակագրի ստորագրումից առաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներքին գործերի հանձնակատար Սեսիլա Մալմստրյոմը եւ մանրամասնել. - «Այս փաստաթուղթը, ինչպես նաեւ առաջիկայում ստորագրվելիք վիզաների դյուրացման ու միգրանտների ետդարձի եւ ընդունման մասին համաձայնագրերը, շատ կարեւոր նշանակություն ունեն Եվրոպայի եւ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունները ավելացնելու գործում»։

Գործընկերության մասին այս փաստաթուղթը բարձր է գնահատել նաեւ Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը՝ ընդգծելով. - «Այս համագործակցությունը հստակորեն ցույց է տալիս Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների պատրաստակամությունը՝ միմյանց է՛լ ավելի ինտեգրվելու հարցում»։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ այդ ինտեգրացիայի կարեւոր բաղադրիչներից մեկը հենց մարդկանց տեղաշարժի դյուրացումն է ու Հայաստանի եւ Եվրամիության քաղաքացիների միջեւ շփումների ակտիվացումը։

«Համագործակցության այս ծրագիրը կնպաստի օրինական տեղաշարժի առավել լավ կառավարմանը, կխթանի միգրանտների վերաինտեգրման ու ետդարձի ավելի արդյունավետ քաղաքականությանը, ինչպես նաեւ կկանխի ու կպայքարի չկանոնակարգված միգրացիայի եւ թրաֆիքինգի դեմ», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը, միաժամանակ, նշել է, որ պաշտոնական Երեւանը պատրաստակամ է է՛լ ավելի խորացնել համագործակցությունը այս ոլորտում եւ որքան հնարավոր է շուտ համաձայնագիր կնքել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մտնելու ռեժիմը դյուրացնելու վերաբերյալ։

.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG