Մատչելիության հղումներ

logo-print

Հիշատակի արարողություն ԱԺ-ում` «Հոկտեմբերի 27»-ի տարելիցի կապակցությամբ


Հոկտեմբերի 27-ին սպանված պետական ութ գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը Ազգային ժողովի բակում

Հոկտեմբերի 27-ին սպանված պետական ութ գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը Ազգային ժողովի բակում

Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ներկայացմամբ` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները եւ ուղղորդողները դեռ չեն բացահայտվել ու պատժվել:

Նման հայտարարություն Սահակյանն արեց այսօր Ազգային ժողովի բակում` ոճրագործության հետեւանքով սպանված պետական ութ գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակման արարողությունից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ մենք նաեւ կիմանանք ուղղորդողներին, եւ թե աշխարհի որ ծայրից էր այս մեծ ողբերգությունը` կազմակերպիչների առումով: Համենայնդեպս, հավատում եմ, որ պիտի բացահայտումներ լինեն», - ասաց Սահակյանը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն, գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին: 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Գալուստ Սահակյանը այսօր նաեւ համոզմունք հայտնեց, թե 12 տարի առաջ այս օրը թեեւ հանցագործները խորհրդարանի շենքում էին, բայց «ուղորդողները դրսում էին»:

«Այդ օրերից մինչ օրս էլ իմ կարծիքը չեմ փոխում, իհարկե, հանցագործները այստեղ են, բայց ուղղորդողներին հարկավոր է գտնել», - հավելեց Սահակյանը:

Հարցին, թե իսկ ի՞նչ են արել կամ անում իշխանությունները ոճրագործության կազմակերպիչներին հայտնաբերելու համար, Սահակյանը պատասխանեց. - «Սովորաբար նման իրողությունները հնարավոր է լինում բացահայտել ավելի ամուր հիմքեր ունեցող պետություններում, իսկ մենք նորանկախ պետություն ենք»:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ ներկայումս շատ ավելի կարեւոր է հարց է, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործության պես երեույթներ ծնող նախադրյալները վերացե՞լ են մեր երկրում, թե՞ ոչ:

«Ես խոսում եմ քաղաքական անհանդուրժողականության մասին», - նշեց Շահբազյանը. - «Այսինքն այսօր մենք չենք կարող ասել, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում անհանդուրժողականությունը վերացել է եւ շատ հաճախ քաղաքական մրցակցությունը քաղաքական թշնամության է վերածվում: Մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, բայց նույն երեւույթին մեկ այլ դրսեւորմամբ առնչվեցինք 2008 թվականին: Սա նշանակում է, որ նախադրյալները, որ կային, վերացված չէին»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը` ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե պատժվել է (այն էլ մասամբ) հանցագործությունը կատարողների մի մասը միայն:

«Դատավարության ամբողջ ընթացքը, որին ես մասնակցել եմ, փաստորեն ապացուցեց, չնայած չարձանագրեց, որ բացի դահլիճում եղածներից, ովքեր կրակեցին, դրսում էլ են եղել մարդիկ, ովքեր զինված են եղել եւ կրակել են` փաստը Արմենակյանի սպանությունը, որը չբացահայտվեց», - ասաց Բախշյանը:

«Եղել են կազմակերպիչներ, ովքեր չեն բացահայտվել», - ընդգծեց Բախշյանը. - «Բոլոր այն ողջամիտ մարդկանց համար, ովքեր դատավարության ընթացքին մասնակցում էին, տեսանելի էր, հասկանալի էր, որ ուղղակի չէր տրվում անուն, արված միջնորդությունները չէին բավարարվում, որպեսզի այս կամ այն վկային կանչվի: 100-ից ավելի վկաներ կային ցուցակում, բայց հատուկենտ մարդկանց կանչեցին եւ հարցաքննեցին»:

Թե' Անահիտ Բախշյանը, եւ թե´ Վազգեն Սարգսյանի եղբայրը` նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե անցած 12 տարիների ընթացքում իշխանություններն այդպես էլ չձեռնարկեցին անհրաժեշտ քայլեր` ոճրագործությունն ամբողջովին բացահայտելու համար:

«Ոճրագործությունից հետո դատավարությունը ավելի խորացրեց կասկածները, եւ խնդիրը հասցրեց նրան, որ ես այսօր մեղադրում եմ այն ժամանակվա եւ այսօրվա իշխանություններին, որ ոչինչ չարեցի գործը բացահայտելու համար: Ավելին` պարտակեցին այդ գործը, փակեցին բոլոր հետքերը` դրանով իսկ ծանր հանցանք գործելով երկրի եւ ժողովրդի առջեւ», - ասաց Սարգսյանը` թվարկելով, իր կարծիքով, հանցագործությունը պարտակելու պատճառները. - «Բազմաթիվ հանգամանքներ կարող եմ թվարկել, որոնց պատճառով գործող իշխանությունները կարող էին պարտակել այդ հանցագործությունները` իրենք մասնակից ու մեղսակից լինեին, իրենց շանտաժ անեին, արտաքին քաղաքական որեւէ ազդեցություն լիներ, որի մասին իրենք տեղյակ լինեին, բայց չէին կարող կանխել եւ այսպիսի բազմաթիվ բաներ: Խնդրին պիտի պատասխան տար քննությունն ու դատարանը, բայց քննությունն ու դատարանը, այդ հարցերը իրենց մեջ ունենալով, որեւէ պատասխան չտվեցին»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG