Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ուժերը` ՀՀԿ-ի հետ հնարավոր դաշինքի մասին


ՀՀԿ-ի համագումարը, արխիվային լուսանկար

ՀՀԿ-ի համագումարը, արխիվային լուսանկար

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը ըստ էության բացառում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կընդգրկվի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։

ԱԺՄ-ի ղեկավարը դա անհնար է համարում` հաշվի առնելով, որ ինքը մեկ այլ կուսակցության ղեկավարն է։

«Բայց ինչո՞ւ ես պետք է լինեմ Հանրապետականի ցուցակում, եթե ես ուրիշ կուսակցության նախագահ եմ, ո՞նց կարող է այդպիսի բան լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք հնարավո՞ր է, որ ԱԺՄ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով նախընտրական դաշինք կազմի Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության հետ, Վազգեն Մանուկյանը կոնկրետ պատասխան չտվեց` նշելով, թե չի կարծում, որ իշխող Հանրապետականը դաշինքների կարիք ունի. - «Այդպիսի հարց չի քննարկվել, բայց ես չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունն էլ ուզում է ինչ-որ մեկի հետ դաշինք կազմել»։

«Մենք ԱԺՄ կուսակցության տարբեր բեկորների հետ, տարբեր ձեւավորված կուսակցությունների հետ բանակցությունների մեջ ենք` միասնական։ Այդ միասնությունը կներգրավի մեզ ընտրությունների մեջ, թե մենք կորոշենք չմասնակցել` դա առջեւում է», - ասաց ԱԺՄ-ի ղեկավարը։

Այն, որ ԱԺՄ-ից անջատված մասերը, տվյալ դեպքում` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), Սեյրան Ավագյանի Հայաստանի ժողովրդավարական-ազատական միությունը (ՀԺԱՄ) եւ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինքը (ԱԺԴ), կրկին կմիավորվեն Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ում, հաստատեց նաեւ Արշակ Սադոյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ե՞րբ տեղի կունենա այս ուժերի միավորումը, Սադոյանը ասաց, որ նոյեմբերին նշելու են ազգային ժողովրդավարական շարժման 20-ամյա հոբելյանը, որից հետո արդեն կորոշեն միավորման հարցը։

«Բնական է` գործընթացը կգնա մեկ միասնական կուսակցության մեջ, կամ` դաշինքի ձեւով, բայց, ամենայն հավանականությամբ, ԱԺՄ-ի շուրջ են միավորվելու», - նշեց Արշակ Սադոյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ վերամիավորվելուց հետո ԱԺՄ-ն նախընտրական դաշինք կազմի իշխող Հանրապետականի հետ, Սադոյանը ասաց, որ եթե Հանրապետականը ընդունի իրենց սկզբունքները` ինչպես, օրինակ, համակարգային փոփոխություններն են, սահմանադրական փոփոխությունները, ապա իրենք մեծ ուրախությամբ դա կողջունեն։

Իշխող Հանրապետականի հետ համագործակցության հնարավորությունը չի բացառում մեկ այլ արտախորհրդարանական ուժի` Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը։

«Չեմ կարծում, որ այն համագործակցությունը, որ ձեւավորվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Հանրապետական կուսակցության միջեւ դեռեւս 2007-2008 թվականներից, կընդհատվի նախընտրական այս փուլում։ Ինչպիսի կոնկրետ ձեւավորումներ կստանա` ժամանակը ցույց կտա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խոսրով Հարությունյանը։

Ընդ որում, նրա համոզմամբ, «այս խնդրի լուծումները մեծ մասով պայմանավորված են Հանրապետական կուսակցությամբ»։

«Կարծում եմ, դեռեւս Հանրապետական կուսակցությունը ինքը իր կոալիցիոն գործընկերների հետ քննարկումների փուլում է գտնվում. մինչեւ այդ փուլը չավարտվի, չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը որեւէ այլ, այդ թվում նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու առաջարկ կներկայացնի։ Ես խորապես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունը նման համագործակցության խիստ ընդգծված անհրաժեշտություն չունի», - հայտարարեց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG