Մատչելիության հղումներ

Արեւմտյան փորձագետների համոզմամբ` Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Իզմիրում երկու օր առաջ ստորագրված գազային համաձայնագիրը ճանապարհ է բացում Ռուսաստանը շրջանցող նոր խողովակաշարի շինարարության համար:

Մի քանի տարի տեւած բանակցություններից հետո պաշտոնական Անկարան եւ Բաքուն ի վերջո կարողացան համաձայնության գալ «Շահ Դենիզ - 2» հանքավայրից արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու մասին։

Առայժմ կա խողովակաշարի կառուցման միանգամից երեք տարբերակ. առաջինը` Թուրքիա - Հունաստան - Իտալիա խողովակաշարը, երկրորդը`Տրանս-Ադրիատիկ գազատարը, եւ երրորդը` Եվրամիության կողմից առանցքային նախագիծ հռչակված Nabucco-ն։

Եվրոպական միության ներկայացուցիչները Nabucco-ին նախապատվություն են տալիս նախեւառաջ այն պատճառով, որ ի տարբերություն առաջին երկու նախագծերի` այս մի խողովակաշարը գազ է մատակարարելու ոչ միայն Հարավային Եվրոպային։ Այն, ըստ նախնական ծրագրերի, հասնելու է մինչեւ ավստրիական Բաումգարտեն քաղաքը:

Nabucco-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեժալը, մասնավորապես, ասել է. - «Հստակ է, որ Nabucco-ի նպատակներից մեկը «Շահ Դենիզ - 2» հանքավայրի գազը Եվրոպա արտահանելն է։ Ավելին, մեր նպատակներից է նաեւ մյուս ադրբեջանական հանքավայրերի գազն օգտագործելը։ Այս ուղղությամբ էլ մենք այժմ աշխատում ենք»:

Մասնագետները, սակայն, պնդում են, որ միայն ադրբեջանական գազի ծավալները բավարար չեն Nabucco-ի լիարժեք շահագործման համար։ Այս նախագծի շահութաբերությունն ապահովելու միակ ձեւը նաեւ թուրքմենական գազի արտահանումն է Եվրոպա:

«Իհարկե, «Շահ Դենիզ»-ը որոշակի սահմանափակ ծավալներ ունի։ Բայցեւայնպես, Ադրբեջանն այլ գազային ռեսուսներ եւս ունի, որոնք բավարար կլինեն Nabucco-ի առաջին էտապը կյանքի կոչելու համար: Հետագայում էլ հույս ունենք, որ մեզ կմիանա նաեւ Թուրքմենստանը: Այժմ մենք բանակցում ենք Տրանս-Կասպյան գազատարի շինարարության շուրջ», - նշել է Քրիստիան Դոլեժալը:

Էներգետիկ խնդիրներով զբաղվող փորձագետները նկատում են, որ եթե նախկինում Թուրքմենստանը Nabucco նախագծի հանդեպ բավական անտարբեր էր, ապա այժմ Աշգաբատում որոշակի տոնայնության փոփոխություն է նկատվել:

Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քաթլերը նշել է. - «Թուրքմեստանի նախագահ Բերդիմուխամեդովը Ավստրիայի նախագահի` իր երկիր կատարած այցի ընթացքում առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ Աշգաբատը ցանկանում է գազն արտահանել Եվրոպա»:

Վերլուծաբանները, սակայն, կանխատեսում են, որ կասպիական էներգակիրները Եվրոպա արտահանելու ծրագրերը բախվում են Ռուսաստանի կոշտ հակազդեցությանը: Ավելի վաղ, օրինակ, ռուսական «Գազպրոմ»-ը առաջարկել էր Բաքվին գնել ադրբեջանական գազի ողջ ծավալը շուկայական գներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG