Մատչելիության հղումներ

Թուրքերը միջազգային օգնություն են հայցել


Կիրակնօրյա երկրաշարժից հետո Թուրքիան քաղաքավարի շնորհակալությամբ մերժել էր տասնյակ երկրների, ներառյալ Հայաստանի եւ Իսրայելի օգնության առաջարկները, սակայն երեկ ստիպված աջակցության խնդրանքով է դիմել միջազգային համայնքին` այն 30 պետություններին, որոնք դեռ կիրակի օրն են օգնելու պատրաստակամություն հայտնել։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում հենց Ռուսաստանի մայրաքաղաքից ցավակցական հեռագիր է հղել իր թուրք պաշտոնակից Աբդուլահ Գյուլին եւ օգնություն առաջարկել։ Սակայն Անկարան Հայաստանին, Ռուսաստանին, Եվրամիության երկրներին եւ ԱՄՆ-ին պատասխանել է, թե սեփական ուժերով կլուծի հարցերը։

Երեկ թուրքերը հայտարարել են, որ աղետի գոտում շտապ պետք են ավերակների տակ գտնվող աղետյալների որոնման հատուկ սարքավորումներ, հավաքովի կացարաններ, վրաններ եւ առաջին անհրաժեշտության այլ օգնություն։

Հայաստանի արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Անկարայից ոչ մի գրավոր պաշտոնական դիմում տվյալ պահին չի ստացվել։

Նա կրկնել է, որ, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է հայտնել իր թուրք գործընկերոջը, Հայաստանը պատրաստ է օգնել հարեւանին։

Անկարան ընդունել է Իսրայելի օգնությունը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունն այսօր «Բոինգ-747» մակնիշի օդանավով առաջին 7 հավաքովի տունն է ուղարկում Վանի նահանգ։

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվն այսօրվա դրությամբ առնվազն 461 է, վնասվածք է ստացել ավելի քան 1350 մարդ։ Ամբողջովին ավերվել է մոտ երկու հազար տուն։

Այսօր վաղ առավոտյան Էրչիս ավանում փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս հանել 18-ամյա պատանու եւ 27-ամյա կնոջ, ավելի ուշ նրանք փրկել են նաեւ համալսարանի երկու դասախոսի եւ մեկ ուսանողի։ 25-ամյա դասախոս Սենիե Էրդեմը` ծարավը հագեցնելուց հետո փրկարարներին անմիջապես հարցրել է իր ամուսնու մասին եւ տեղեկացվել, որ նա զոհվել է։

«Ավերակների խորքից այս պահին կենդանության նշաններ այլեւս չեն հասնում, մենք հիմա դիակներ ենք հանում»,- ասել է փրկարար Ռիզա Բիրքանը։

Էրչիսը կիրակնօրյա երկրաշարժից առավել տուժած ավանն է։ Այստեղ 63 մանկավարժ է զոհվել։

Վարչապետ Էրդողանը խոստովանել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում փրկարարական գործողությունները լուրջ թերացումներով են իրականացվել։ Միաժամանակ նա ասել է, թե ակնհայտ է, որ զոհերի թիվը մեծ չէր լինի, եթե շենքերն ավելի լավ որակի լինեին։ Շենքերը կառուցելիս անվտանգության չափանիշներն անտեսելու՝ շինարարների եւ նախագծողների գործելակերպն Էրդողանը համեմատել է մարդասպանության հետ։

Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն երեկ ասել է, թե իշխանություններն անում են առավելագույնը մարդկանց օգնելու համար։ Մինչդեռ, աղետյալներից շատերը բողոքում են։

«Սարսափելի է, մենք բոլորս մնացել ենք բաց երկրնքի տակ, ահավոր ցուրտ է, հոսանք չկա, ջեռուցում չկա, սնունդ չկա, երանի կառավարությունը կարողանա ավելին անել տուժածների համար»,- ասել են բնակիչները Reuters գործակալության թղթակցին։

Այսօրվա դրությամբ աղետի գոտում տեղադրված է շուրջ 20 հազար վրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG