Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ ուշ երեկոյան հաստատել է 18 միլիոն դոլարի վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար:

Այդ միջոցներով կվերականգնվեն լրացուցիչ 110 կիլոմետր ընդհանուր երկարությամբ տարբեր նշանակության ջրանցքներ:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի խոսքով, վարկային միջոցներով կբարելավվի ջրօգտագործման արդյունավետությունը՝ կրճատելով կորուստները տարեկան մոտ 44.2 միլիոն խորանարդ մետրով եւ հնարավորություն կստեղծվի վերականգնել նախկինում ոռոգվող 6 հազար 500 հեկտար գյուղատնտեսական տարածք:

«Ակնկալում ենք, որ ծրագրից կօգտվեն 88 հազար գյուղացիներ, ինչը հնարավորություն կտա գյուղական վայրերում ստեղծել ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ աշխատատեղեր», - նշեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

Համաշխարհային բանկի աջակցությամբ այս պարագայում շարունակվում են «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրով անավարտ մնացած որոշ նախագծեր: Արդյո՞ք դա կարող է նվազեցնել Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի երկրորդ ծրագրի հաստատման հավանականությունը, հարցին Ժան-Միշել Հապին պատասխանեց․ - «Եթե նույնիսկ այդ նախագծերը չլինեին կազմված, միեւնույն է՝ Համաշխարհային բանկը տրամադրելու էր իր օժանդակությունը: Այդուհանդերձ, նախկինում «Հազարամյակի մարտահրավերի» կազմած ոչ բոլոր նախագծերն են այս ծրագրով իրականացվելու»:

Ծրագիրը ներառում է 7 մարզեր: Հավելենք, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.6 միլիոն դոլար է, որից 3.4 միլիոնը ապահովելու է Հայաստանի կառավարությունը, եւս 0.2 միլիոն դոլար կապահովեն շահառուները։ Ի դեպ, այդ գումարը արդեն հավաքվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ ժամկետով:

«Հայաստան մուտք գործելուց ի վեր` 1995 թվականից, Համաշխարհային Բանկը մի քանի ծրագրեր է իրականացրել ոռոգման համակարգերի վերականգնման բնագավառում, եւ կշարունակի ներգրավված մնալ այդ աշխատանքներում», - հավելեց բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

Ի դեպ, վերջերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին ասել էր, թե Հայաստանի տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրագոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջեւ: Հապիի հայտարարությանը հետեւել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, թե դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: - «Իհարկե կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին», - ասել էր նախագահ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք մոտ երկու շաբաթ առաջ արված հայտարարությունից հետո դուք նույն կարծիքին եք, Ժան-Միշել Հապին պատասխանեց՝ «մեր քննարկումներից հետո ոչինչ չի փոխվել»։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (աջից) ասուլիսի ժամանակ, արխիվ

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (աջից) ասուլիսի ժամանակ, արխիվ

«Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ նույնքան խոցելի, որքան մի քանի օր առաջ էր: Սակայն, դրա հետ մեկտեղ, շատ կարեւորում եմ այն ջանքերը, որ իրականացվում են արտաքին ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ», - հավելեց նա։

Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում առկա է բավականին մեծ ստվերայնություն՝ 8 տոկոս, իսկ հարկեր - ՀՆԱ հարաբերակցությունը 17 տոկոս է կազմում։ Նման պայմաններում ինչպե՞ս է Համաշխարհային բանկը վերաբերվում հարկադրույքները բարձրացնելու՝ կառավարության մտադրությանը հարցին բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հետեւյալ կերպ արձագանքեց․ - «Հարկադրույքների ավելացումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ, եւ որոշ դեպքերում հարկային եկամուտների հավաքագրումն իրականացվի ավելի արդյունավետ կերպով, այլ դեպքերում էլ որոշակի լրացումներ կատարելով հարկային քաղաքականության մեջ: Կարծում եմ, որ նաեւ հատուկ ջանքեր են գործադրվում, որպեսզի հարկային եկամուտների հավաքագրումն ավելացվի 500 խոշոր հարկ վճարողներից»:

Ինչ վերաբերում է մակրոտնտեսական կանխատեսումներին, Համաշխարհային բանկը տարեվերջին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4.5 , իսկ հաջորդ տարի՝ 4-ից 5 տոկոս աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG