Մատչելիության հղումներ

Հաշմանդամները մատչելի հասարակական տրանսպորտ են պահանջում


Հաշմանդամները մատչելի հասարակական տրանսպորտ են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին այսօր նամակ հանձնվեց, որում քաղաքապետին խնդրում են հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտը, ճանապարհները, ինչպես նաեւ շենքերի մուտքերը հաշմանդամների համար մատչելի դարձնելու համար:

Ակցիայի մասնակիցները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան` ճանապարհին փորձելով, թե որքան են մատչելի թեքահարթակները: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը անձամբ էր ուղեկցում սայլակով շարժվող հաշմանդամին, օգնում հաղթահարել փողոցների եզրաքարերը:

«Նպատակը մեկն է` կարողանանք փորձել, թե այսօր Երեւանում, Հայաստանում հաշամանդամություն ունեցող անձի համար հնարավո՞ր է օգտվել մետրոյից, ավտոբուսից, երթուղայինից: Իհարկե, տեսականորեն մենք բոլորս պատկերացնում ենք, որ դա գրեթե անհնար է, բայց ուզեցինք միասին փորձել, եւ դա փորձելու արդյունքում ցույց տանք, թե ինչպիսի դժվարություններ են ունենում այն մարդիկ, ովքեր հաշմանդամություն ունեն», - ասաց Կարեն Անդրեասյանը:

Կանգառներից մեկում օմբուդսմենը մի քանի մարդկանց օգնությամբ փորձեց սայլակավոր հաշմանդամին բարձրացել «Բոգդան» մակնիշի ավտոբուսը:

«Նույնիսկ լայնություն չկար, որը [սայլակը] կանգնի, թեքության վրա մնաց, այսինքն եթե չորս հոգով էլ բարձրացնենք, ավտոբուսի ներսում չի կարող 5 րոպե գտնվել», - ասաց օմբուդսմենը:

Կարեն Անդրեասյանի խոսքով` քաղաքապետարանին կոնկրետ քայլեր կառաջարկվեն, քանի որ փորձը ցույց տվեց, որ անգամ ցանկության դեպքում միեւնույն է ոչ նպատակային ծախս է կատարվում:

«Որեւէ մեկը փորձե՞լ է այդ մեծ թեքությամբ անցումներով անցնել, նույնիսկ առողջ մարդու համար վտանգավոր կլինի այդ անցումի թեքահարթակից օգտվելը», - ասաց օմբուդսմենը:

«Ունիսոն» հկ-ի նախագահ Արմեն Ալավերդյանն ասում է` անընդհատ լսում են նոր շահագործվող շենքերի մասին, բայց դրանցից գրեթե ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամների համար: Իսկ տրանսպորտը, ըստ Ալավերդյանի, իսպառ բացակայում է. եթե հաշմանդամները տանից դուրս են գալիս, հիմնականում տաքսիից են օգտվում:

«Մետրոն պարզապես մեզ համար չէ, չնայած մենք ունենք արտոնություն անվճար երթեւեկելու էլեկտրական տրանսպորտով: Այդպիսի գեղեցիկ արտոնություն կա հաշմանդամների համար... պարզապես այստեղ թվարկելու բան էլ չկա` ամեն ինչ անմատչելի է: Խոստումներ շատ ենք լսել, իսկ հիմա ուզում ենք գործը տեսնել», - ասաց Ալավերդյանը:

Քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեց Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա խոստացավ նամակը փոխանցել քաղաքապետին, ասաց դեկտեմբերին Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները կհարմարեցվեն հաշմանդամների համար:

«Մենք նախատեսում ենք, որ մեր միջոցներով, մեր ուժերով տեղադրենք ավտոբուսների վրա այդ սարքավորումները: Երկու տրոլեյբուս կա` համապատասխան սարքավորումներով, թեքահարթակներով», - ասաց Նավասարդյանը:

«Ունիսոն» հկ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը քաղաքապետարանի պատասխանից գոհ չէր:

«Քաղաքապետարանի պատասխանը մեզ համար նորություն չէր: Իհարկե, ես կգերադասեի, որ անձամբ քաղաքապետը մեզ ընդուներ: Ճիշտ հասկանանք` բերելու են սովորական ավտոբուսներ, հույս ունենք, որ դրանցից մի փոքր մասը կհարմարեցվեն, իսկ որպեսզի հարմարեցումը չկրի ձեւական բնույթ եւ իրոք կիրառելի դառնա, մենք պետք է շատ ակտիվորեն մասնակցենք այդ գործընթացին», - ասաց Ալավերդյանը:

Քաղաքապետին ուղղված նամակում հեղինակները նշում են, թե տարբերություն չեն դնում հաշմանդամություն ունեցող անձանց ու հասարակության մյուս անդամների միջեւ, ընդհակառակը` խնդիրները բարձրաձայնելով փորձում են նպաստել, որպեսզի հաշմանդամները հասարակության լիիրավ անդամ զգան իրենց:

«Աշխարհն առանց արգելքների» հկ-ի նախագահ Արման Մուշեղյանը ակցիայի մասնակիցների հետ սայլակով հասել էր քաղաքապետարան:

«Այսօր, իհարկե, շեշտադրումը գնում է դեպի հաշմանդամություն ունեցող անձինք, բայց երեւի բոլորն էլ համոզվեցին, որ եթե մեր շրջակա միջավայրը, մայթերը, ճանապարհները, տրանսպորտը մատչելի լինի հաշմանդանություն ունեցող մարդկանց համար, այդ տրանսպորտից, այդ ճանապարհներից կարող են օգտվել հասարակության բոլոր անդամները», - ասաց Մուշեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG