Մատչելիության հղումներ

Եվրադատարանը վճիռ կայացրեց հօգուտ Աքչամի եւ ընդդեմ 301-րդ հոդվածի


Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ
Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի օրը վճիռ է կայացրել, համաձայն որի` Թուրքիայի կառավարության կողմից պատմաբան Թաներ Աքչամի հետապնդումը այդ երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտնականի հրապարակային տեսակետների համար, խախտել է Աքչամի արտահայտվելու ազատության իրավունքը, որը սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քլարք համալսարանի Արդի հայկական պատմության եւ Հայոց ցեղասպանության հետազոտությունների «Գալուստյան-Մյուգար» ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը սպառնալիքների եւ հետապնդումների թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետները արտահայտելու եւ իր հետազոտությունները հրապարակելու համար։

«Հայցվորի [Թաներ Աքչամի] դեմ հարուցված քրեական գործը եւ Հայկական հարցում Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին հղում կատարող թուրքական դատարանների դիրքորոշումը, ինչպես նաեւ հայցվորի դեմ հրապարակային արշավը հաստատում են, որ գոյություն ունի դատական հետապնդման ենթարկվելու էական վտանգ այն անձանց համար, ովքեր «անցանկալի» կարծիքներ են արտահայտում այս թեմայի շուրջ, եւ ցույց են տալիս, որ հայցվորի առջեւ ծառացած վտանգը իրական է», - Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` ասված է Եվրադատարանի հոկտեմբերի 25-ի որոշման մեջ։

Եվրոպական դատարանը եզրակացրել է նաեւ, որ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները գրեթե չեն ազդել դատարանների կողմից այդ հոդվածի մեկնաբանության վրա։

2008 թվականի մայիսին Թուրքիան փոփոխություն կատարեց իր Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում` «թուրքական ինքնությունը» վիրավորելու հատկանիշները փոխարինելով «թուրք ազգին» վիրավորելու հատկանիշներով:

Ողջունելով Եվրադատարանի վճիռը` Թաներ Աքչամը, մասնավորապես, շեշտել է. - «Թուրքիան պետք է սովորի, որ պատմությանը դեմ առ դեմ կանգնելը եւ անցյալում տեղ գտած մարդու իրավունքների ոտնահարումներն ընդունելը ոչ թե հանցագործություն է, այլ տարածաշրջանում խաղաղության եւ հաշտեցման նախադրյալ։ Ես ինձ համարում եմ մի մասը թուրքական քաղաքացիական հասարակության, որը պայքարում է հանուն հիրավի ազատ եւ ժողովրդավարական Թուրքիայի։ Դա չի կարող տեղի ունենալ, եթե Թուրքիան շարունակի քրեականացնել Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները»։

«Հնարավոր չէ հասնել Հայաստանի հետ հաշտեցման եւ խաղաղության նման թունավոր օրենքի գոյության պայմաններում, կամ մերժելով դիվանագիտական հարաբերությունները», - ասել է թուրք ականավոր մտավորականը։

Ամերիկայի Հայկական համագումարը նշում է, որ Աքչամը մտերիմ բարեկամն էր Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, ով նույնպես հետապնդվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով եւ ի վերջո 2007 թվականի հունվարին սպանվեց թուրք ազգայնականների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG