Մատչելիության հղումներ

Զրահամեքենայի շրջվելու հետեւանքով հայկական բանակի սպա է մահացել


Երեկ ժամը 17։00-ի սահմաններում ճամբարային հավաքներից զորամաս վերադառնալիս Հայաստանի զինված ուժերի N զորամասի զրահամեքենան Կապան - Գորիս ճանապարհահատվածի 39-րդ կիլոմետրում դուրս է եկել բանուկ մասից, շրջվել աջ կողմի վրա եւ գլորվել դեպի ներքեւի ճանապարհահատվածը, ինչի հետեւանքով զրահամեքենայի ավագ, ավագ լեյտենանտ 28-ամյա Արամայիս Հրաչիկի Սարգսյանը Գորիսի քաղաքային հիվանդանոց տեղափոխելիս մահացել է։

Զրահամեքենայի մեջ գտնվող մյուս երեք ժամկետային զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Ըստ հոսպիտալի պետի` նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` «Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»։ Կատարվում է քննություն։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG