Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը


Ֆիլիպ Լեֆոր, արխիվային լուսանկար
Ֆիլիպ Լեֆոր, արխիվային լուսանկար
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը տարածաշրջանային այց է կատարում։

Չորեքշաբթի օրը նա ժամանելու է Բաքու։ Երկօրյա այցի ընթացքում` հոկտեմբերի 26-27-ը, Լեֆորը հանդիպումներ, բանակցություններ է ունենալու Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Ֆիլիպ Լեֆորը Ադրբեջան է այցելում Վրաստանից։

Լեֆորին նշանակելով` Եվրամիությունը երկու առաքելություն միավորեց` Եվրամիության հատուկ ներկայացուցիչ եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ։

Վրաստանում ավելի շատ անդրադարձ է կատարվել ռուս - վրացական խնդիրներին, չկարգավորված հարաբերություններին։ Ֆիլիպ Լեֆորը հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրման նախարար Գեորգի Բարամիձեի եւ արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։

Երեքշաբթի օրը Վաշաձեի հետ կայացած հանդիպման մասին Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` կողմերը քննարկել են «ժնեւյան բանակցությունների հետ կապված հարցեր, Վրաստանի օկուպացված տարածքների իրավիճակը` անվտանգության եւ կայունության տեսանկյունից, հարկադիր տեղահանվածների` սեփական տները վերադառնալու հարցերը»։

Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների խորացման հեռանկարներին։

Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ ներկայացուցիչը սեպտեմբերին Հայաստան էր ժամանել։ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նա դրական էր գնահատել Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ փոխանցել էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու` ԵՄ-ի պատրաստակամությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG