Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 26-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ինտերնետի ինչ-որ մի անկյունում վերնագիր կարդացի` Անի Լորակը պատրաստվում է բաժանվել Մարատից: Տեղական բարձրաշխարհիկ քրոնիկան առաջին հայացքից շատ ավելի հետաքրքիր է. Արտաշես Գեղամյանը եւ Պարույր Հայրիկյանը պատրաստվում են «ամուսնանալ» Հանրապետական կուսակցության հետ եւ, ըստ երեւույթին, տեղ զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Նախկին կոմունիստը եւ նախկին այլախոհը, որոնք ունեն իրենց սեփական կուսակցությունները, հասկանում են, որ երկուսի անդամները իրար հետ միասին կտեղավորվեն մեկ «Զապորոժեցում», որոշել են միանալ այլախոհական արմատներ ունեցող, բայց ներկայումս` դասական իշխող կուսակցությանը կամ, համենայնդեպս, նրանց ցուցակին: Այդ առումով պարոն Գեղամյանի բացատրություններն ավելի պրագմատիկ են. նրան դուր է գալիս Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, դե, իսկ ներքինը, մասնավորապես, տնտեսականը նա փորձի շտկել ներսից: Պարույր Հայրիկյանն իր շարժառիթները բացատրում է ավելի «խուճուճ» ձեւով. քանի որ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում, նա որոշել է «զրոյից վերականգնել» Ազգային միացյալ կուսակցությունը եւ այդ պատճառով էլ հարում է Հանրապետականին»:

«Հրապարակ»-ը նաեւ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանից է հետաքրքրվել խորհրդարանական ընտրությունների իրենց հնարավոր մասնակցության ֆորմատի եւ հնարավոր համագործակցությունների մասին: «ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ եւ գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա»,- ասել է Արսենյանը` չբացառելով համագործակցությունն այլ ուժերի հետ: «ՀՀԿ-ի հետ ե՞ւս» հարցին պատասխանել է. - «Ես հնարավոր համարում եմ ցանկացած ուժի հետ համագործակցությունը, եթե այդ ուժն ունի այն ծրագրերը, որոնք համապատասխանում են նաեւ մեր ծրագրերին: Մենք պարտականություններ ունենք մեր երկրի առջեւ, եւ կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե տեսնենք դեմ գործող համակարգերին, կկոշտացնենք մեր դիրքորոշումները»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, ներքին գործերի նախկին փոխնախարար, մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը ասում է. - «Երբեք չի կարելի հասարակության արատներով հիմնավորել բանակում այսօր տեղի ունեցող դրսեւորումները: Մենք այսօր ականատես ենք մի իրողության, երբ խախտված է մարդու ամենաբարձր իրավունքը` կյանքի իրավունքը, իսկ բանակում դա անթույլատրելի է, քանի որ դա զինվորական կառույց է, և այնտեղ նախեւառաջ կարգուկանոնը պետք է պատշաճ մակարդակի լինի: Ամեն մեկը կունենա իր պատկերացումները, բայց անմիջական պատասխանատուները` սկսած նախագահական նստավայրից, պետք է գիտակցեն մեկ բան` ամեն մի զինվորի մահվան հետ բանակը ամեն օր թուլանում է, անկախ նրանից, թե կառույցները լա՞վ սպառազինություն ունեն, թե՞ ոչ»:

«Չորրորդ ինքինշխանություն»-ը գրում է. - «Անդրադառնանք եկող տարի լրացուցիչ հավաքվելիք 101 միլիարդին: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է հավաքել այդ գումարը, բայց` ոչ փոքր եւ միջին բիզնեսից: Հարկային բեռի ավելացման դեպքում դրանք պարզապես կփակվեն, եւ հակառակ արդյունքը կստացվի: Դա հնարավոր է անել երկու դեպքում: Առաջին` եթե 2012 թվականին դրամը կտրուկ արժեզրկվի, եւ համատարած թանկացումներ լինեն, եւ երկրորդ` եթե խոշոր գործարարներից մի քանիսի բիզնեսները դուրս բերվեն ստվերից: Եթե խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը լուրջ հաջողությունների հասնի, եւ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը վտանգվի, նա, հասկանալի է, չի համարձակվելու համատարած թանկացումների միջոցով լցնել բյուջեն, եւ ստիպված է լինելու մի քանի օլիգարխների դուրս բերել ստվերից: Իսկ եթե խորհրդարանական ընտրությունները նրա համար բարենպաստ ընթացք ունենան, բյուջեն լցվելու է դրամի կտրուկ արժեզրկման եւ համատարած թանկացումների ճանապարհով»:

«Երկրի» խմբագիրը գրում է. - «Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը վերստին ապացուցում է, որ շոշափելի արդյունքներն աշխատանքի, այլ ոչ թե թախտին նստած բախտին սպասելուց են ստացվում: Մի բան, որից Հայաստանի արտաքին գերատեսչությանը ոչ մի կերպ ձերբազատվել չի հաջողվում: Զբաղվելով ինքնախաբեությամբ` հիմա էլ իրենք իրենց ու իրենց գրպանային վերլուծաբանների միջոցով նաեւ հանրությանը փորձում են հույս տալ, թե Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալու իրողությունը ոչ մի կերպ չի ազդելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Եվ ամենազավեշտալին այն է, որ սովորույթի ուժով ոչ թե թույլ տրված թերացումները, սխալներն են վերլուծում կամ ունեցած ռեսուրսները կենտրոնացնելու կամք ցուցաբերում, այլ կառչում են այն մտայնությունից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Ադրբեջանին թույլ չեն տա մանեւրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG