Մատչելիության հղումներ

Ավագ դպրոցում որակյալ կրթություն ստանալու հարցը դեռ մտահոգիչ խնդիր է մնում


Ավագ դպրոցներում սովորող աշակերտների ծնողների պնդմամբ` այդ դպրոցներին այդքան էլ չի հաջողվում իրականացնել հիմնական գործառույթներից` մասնագիտական կողմնորոշման որակյալ ապահովումն ու բուհի համար արդեն պարտրաստված դիմորդ թողարկելու խնդիրը:

Ծնողներն ասում են` շատ դպրոցներում դեռ դասարանները հոսքերի բաժանելու դեպքում անգամ աշակերտների կուտակումներ կան, չկան համապատասխան մասնագետներ եւ այլն: Ավագ դպրոցների տնօրեններն էլ հիմնականում չձայնագրվելու պայմանով նշում են, որ հոսքերը գոնե երկու խմբի բաժանելու համար ուսուցչի լրացուցիչ հաստիք է հարկավոր, ինչի համար բավարար ֆինանսավորում չկա: Արդյունքում ավագ դպրոցում որակյալ ուսուցում ստանալու հարցը դեռ մտահոգիչ խնդիր է ծնողների համար:

«Այն ավագ դպրոցը, որն այսօր առաջարկվում է պետության կողմից, շատ անհասկանալի մի օրգանիզմ է, որն իմ կարծիքով դեռ ձեւավորված չէ: Երեխան սովորում է այսօր ու ժամանակ չկա սպասելու», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Ֆինանսական խնդիրները շրջանցելով` Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանն անդրադարձավ բուհերի հետ համագործակցության հարցին: Նա դրական գնահատեց այն, որ այսօր բուհերը սկսել են ակտիվորեն համագործակցել ավագ դպրոնցերի հետ: Ըստ Թորոսյանի` առավել արդյունավետ կլինի, եթե բուհերը սկսեն համագործակցել ոչ թե ավագ դպրոցների, այլ արդեն հիմնական դպրոցի ավարտական` 9-րդ դասարանցիների հետ, քանի որ ավագ դպրոց երեխան գնում է արդեն մասնագիտությունն ընտրած, իսկ 9-րդ դասարանում աշակերտները դեռ նոր են սկսում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Թորոսյանը մտահոգված է, որ քոլեջները սկսել են ավագ դպրոց եկող աշակերտներին իրենց կրթօջախ տանելու մեթոդներ մշակել: Ըստ նրա` քոլեջների համեմատությամբ ավագ դպրոցում առավել խիստ եւ հագեցած է դասացուցակը, ինչը հաճախ վախեցնում է ավագ դպրոց գնացող աշակերտներին:

«Քոլեջ ընդունվելը խաղուպար չէ: Այնպես չի, որ յուրաքանչյուր ցանակացող կարող է քոլեջ ընդունվել», - նշում է Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոյանը:

XS
SM
MD
LG