Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի եւ Բորիս Գրիզլովի հետ


Պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները նշել են, որ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստան բավականին արդյունավետ է ընթանում, ստորագրված փաստաթղթերը նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների միջեւ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին եւ նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության ու հայ - ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրման համար:

Երկու երկրների խորհրդարանների միջեւ գործակցության համատեքստում կարեւորվել է նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի վարչական սուբյեկտների միջեւ ընդլայնվող գործակցությունը:

Կարեւորվել է նաեւ Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Պետական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG