Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի խնդիրը Սերժ Սարգսյանի «ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացումն է»


Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հիմնական խնդիրը այսուհետեւ Սերժ Սարգսյանի ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացումն է։

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, հայտարարելով այս մասին, ընդգծեց, որ ռեժիմը ինքը հրաժարվեց բանակցություններով եւ սահուն քաղաքակիրթ գործընթացով իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամի լուծման հնարավորությունից, ուստի այսուհետեւ իրենք բանակցելու են ոչ թե ռեժիմի, այլեւ բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դուրս գալ ռեժիմի դեմ։

«Կոնգրեսի հիմնական խնդիրը այսուհետեւ դառնում է ժողովրդի եւ հասարակության մոբիլիզացիան, քաղաքական եւ հասարակական լայն ճակատի ստեղծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, նրա ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացումը, երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որի կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը», - հայտարարեց ՀԱԿ համակարգողը։

Թե կոնկրետ ինչպե՞ս է ՀԱԿ-ը հասնելու նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին եւ ներքին մեկուսացմանը, ՀԱԿ-ն այսօր հրապարակած հայտարարության մեջ չի մանրամասնում։ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ բոլոր հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեն հոկտեմբերի 28-ին նախատեսված իրենց հանրահավաքում։

ՀԱԿ-ի հայտարարությունն ընթերցելուց հետո Լեւոն Զուրաբյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցության հնարավորության վերաբերյալ։ ՀԱԿ համակարգողն ասաց, թե իրենց նպատակը «ավազակապետությունը քանդելն է» եւ իշխող քաղաքական ռեժիմի թուլացմանն ուղղված ցանկացած քայլ իրենք կատարելու են։

«Ցանկացած ուժ, որը հրաժարվում է համագործակցությունից, կամ այս ռեժիմի սատարումից, եւ հասկանալով պետականության համար առաջացած վտանգը՝ սկսում է պայքարել ռեժիմի դեմ, ինքը, արդեն միայն այդ փաստով, դառնում է ժողովրդի բնական դաշնակիցը», - ասաց Լեւոն Զուրաբյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը քննարկել են «Բարգավաճ Հայաստանի» հետ, Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ոչ մի պայմանավորվածություն կամ կոնտակտ իշխող կոալիցիայի մեջ գտնվող ուժերի հետ չի եղել, այն ինչ ինքն ասում է, վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ Հանրապետականին։

«Բոլոր այն սեգմենտները, կամ այն հատվածները Հանրապետական կուսակցության ներսում, որոնք նույնպես կգիտակցեն ռեժիմի վտանգը եւ նույնպես դուրս կգան ռեժիմի դեմ, դա միայն կողջունվի ժողովրդի կողմից», - ասաց ՀԱԿ համակարգողը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ավազակապետ ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի Կոնգրեսը, Լեւոն Զուրաբյանն ասաց, թե իրենք ոչ թե անձերի, այլ ավազակապետական ռեժիմի մասին են խոսում։

«Իսկ ինչ վերաբերում է օլիգարխներին՝ բոլոր օլիգարխներին մենք առաջարկում ենք միայն մեկ բան․ երբ որ Հայաստանում լինի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, այդ օլիգարխները, բնականաբար, կզրկվեն բոլոր ապօրինի մաքսային, հարկային արտոնություններից եւ կհայտնվեն օրինական դաշտում», - հավելեց ՀԱԿ համակարգողը։

Հաշվի առնելով, որ Կոնգրեսն առաջիկայում փորձելու է քաղաքական եւ հասարակական ճակատ ստեղծել եւ դրա միջոցով պարտադրել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, Լեւոն Զուրաբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք դա նշանակում է, որ առաջիկայում ՀԱԿ-ը կսկսի բանակցություններ քաղաքական այլ ուժերի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե չի բացառում բանակցությունները քաղաքական ուժերի հետ, բայց մոբիլիզացիայի բանալին քաղաքացիական հասարակությունն է եւ առաջինը աշխատելու են հենց հասարակ ժողովրդի հետ։

«Ինչ-որ էտապից ես չեմ բացառում, որ երբ որ մոբիլիզացիայի գործը հասնի արդեն պատշաճ մակարդակի, նաեւ հնարավոր կլինի բանակցել այլ քաղաքական ուժերի հետ, որոնք Կոնգրեսից դուրս են», - նշեց Զուրաբյանը։ - «Եվ ասեմ՝ մենք ոչ մեկին չենք ուզում պարտադրել մեզ միանալ կամ դաշինքի մեջ մտնել։ Մենք եթե բանակցելու ենք, բանակցելու ենք միայն, թե ինչպես կարելի է հեռացնել այս ռեժիմը»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Կոնգրեսը պարտադրելու Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, երբ արդեն 3 տարուց ավելի պահանջում է, բայց որեւէ արդյունքի չի հասնում, ավելին՝ իշխանությունները չեն էլ ցանկանում բանակցել Կոնգրեսի հետ, Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է չտեսնել Կոնգրեսի հաջողությունները եւ կրկին թվարկեց ՀԱԿ-ի ձեռքբերումները՝ «Ազատության հրապարակի ազատագրումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, արտահերթ ընտրությունների հարցի շուրջ իշխանություններին բանակցությունների նստեցնելը»։

«Հիմա այսքան գործ եթե արել ենք, այսքան հաջողությունների հասել ենք, Սերժ Սարգսյանի հրաժարականը ինչ է, որ չհասնենք», - նշեց Զուրաբյանը։

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար օգտագործելու է նաեւ 2012-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները, ՀԱԿ համակարգողն ասաց, որ եթե գործը դրան հասնի, կօգտագործեն նաեւ հերթական ընտրությունները։

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG