Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընտրությունների ժամանակ, Նյու Յորք, 24-ը հոկտեմբերի, 2011թ.

Ադրբեջանը, իր պատմության մեջ առաջին անգամ, դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։

Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած քվեարկության արդյունքում, Ադրբեջանի օգտին իրենց քվեն տվել են Գլխավոր ասամբլեայի 193 երկրներից 155-ը։

Ադրբեջանի նախագահը այս առիթով չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի ընտրությունը որակելով ողջ ժողովրդի հաղթանակ։

Իլհամ Ալիեւի խոսքով, այդ կազմակերպությունում Ադրբեջանը ծառայելու է այն գաղափարներին, որոնց հակված է՝ խաղաղությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանն ու արդարությանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամության քվեարկությունը հոկտեմբերի 21-ից է սկսվել, սակայն պատվիրակներին այդ օրը հաջողվել է ընտրել ոչ մշտական 5 անդամներից միայն 4-ին։

Թափուր էր մնացել մեկ տեղ, որի համար պայքարում էին պաշտոնական Բաքուն եւ Լյուբլյանան։ Սակայն ուրբաթ օրը տեղի ունեցած քվեարկության 9 փուլերով ո՛չ Ադրբեջանին եւ ո՛չ էլ Սլովենիային չհաջողվեց ստանալ պատվիրակների անհրաժեշտ ձայները։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ ձայների տարբերությունը այդ փուլում արդեն հօգուտ Բաքվի էր, ուստի ադրբեջանական պատվիրակությունը տրամադրված էր շարունակել ընտրությունը, ինչին ակտիվորեն ընդդիմանում էր Ֆրանսիան, որը հույս ուներ Սլովենիայի ընտրությամբ ընդլայնել Եվրամիության ներկայությունը Անվտանգության խորհրդում։

Քանի որ քվեարկության շարունակության համար բավական ուշ ժամ է եղել, նախագահողը նիստի շարունակությունը երկուշաբթի է տեղափոխել։

Եվ երեկ, երբ երկու երկրների միջեւ ձայների տարբերությունը մոտ 40-ի է հասել, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար Ադրբեջանի հետ արեւելաեվրոպական երկրներից մրցող Սլովենիան քվեարկության 16 ռաունդներից հետո հանել է իր թեկնածությունը։

«Նրանց ցուցաբերած աջակցությունը ակնհայտ է, եւ այդ իսկ պատճառով ես հանում եմ մեր հայտը, մեր թեկնածությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար բոլոր այն երկրներին, որոնք մեզ հետ էին: Շնորհակալություն», - հայտարարել է Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 5 մշտական անդամ ունի՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը, եւ 10 ոչ մշտական անդամներ, որոնք ռոտացիոն կարգով փոփոխվում են յուրաքանչյուր 2 տարին մեկ։

Ի տարբերություն մշտական անդամների հնգյակի` տասնյակը չունի վետոյի իրավունք։

Քվեարկությունը փակ-գաղտնի է։

«Տեղի ունեցած քվեարկության 17 ռաունդներից հետո դուք կարող եք պատկերացներ մեր զգացողությունները», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

«Անկեղծ ասած, մենք սպասում էինք, որ մեզ կընտրեն, որովհետեւ ուրբաթ օրվանից սկսած Գլխավոր ասամբլեան հիմնականում սատարում էր Ադրբեջանին», - հավելել է Մամեդյարովը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG