Մատչելիության հղումներ

Սաֆարյանը ԱԺ-ի վավերացրած արձանագրություններում Հայաստանի անվտանգության սպառնալիք է տեսնում


Ռուսաստան -- ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 10-ը դեկտեմբերի, 2010թ․
Ռուսաստան -- ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 10-ը դեկտեմբերի, 2010թ․
Խորհրդարանը այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ վավերացրեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրում եւ ՀԱՊԿ կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին արձանագրությունները։

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված այս երկու արձանագրություններով փոփոխություններ են կատարվում 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրում եւ 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ, կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս կազմակերպության անդամ երկրներին մի կողմ քաշվել, եթե ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկիր ենթարկվել է ագրեսիայի։ Քանի որ, եթե օրինակ ՀԱՊԿ անդամ որեւէ երկիր ենթարկվել է ռազմական ագրեսիայի, կազմակերպության մշտական խորհուրդը, որը բաղկացած է ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից, հավաքվում է եւ պետք է որոշի, թե ինչ անել։ Հենց այդ խորհրդում էլ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկիր կարող է հայտարարել, թե ինքը համարում է, որ մյուս անդամն իրականում չի ենթարկվել ագրեսիայի, ուստի ինքը չի միանա կազմակերպության կողմից իրականացվելիք քայլերին։

«Այն երկրները, ովքեր համաձայն չեն կոլեկտիվ պաշտպանության քայլերի գործողությունների հետ կապված, թույլ է տալիս, որպեսզի չքվեարկեն, չխոչընդոտեն ցանկացողներին, եւ այդ դաշնակից պետությունը պատասխանատվություն չի կրում ընդունված որոշումների հետեւանքների համար», - պարզաբանեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։ - «Այսինքն ստացվում է, որ անունով կոլեկտիվ անվտանգության համակարգ է, բայց իրականում կոլեկտիվում բոլոր պետություններին թույլ է տրված միմյանց չհամարել դաշնակից եւ ըստ հայեցողության վարվել այն դեպքերում, երբ դաշնակիցը ենթարկված է ռազմական ագրեսիայի»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ստացվում է, որ եթե Հայաստանն ունենա նման ռազմական կոլեկտիվ պաշտպանության պահանջ, ոչ բոլոր պետություններն են, որ կգան օգնության հասնելու։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը զուգահեռներ տարավ ՆԱՏՕ-ի հետ․ - «Ռազմական սպառնալիքի դեպքում այդ հարցը փակված է, որովհետեւ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվում է ռազմական սպառնալիքի, դա ընկալվում է որպես սպառնալիք ուղղված անդամ բոլոր պետություններին եւ բոլոր պետությունները պարտավոր են կոլեկտիվ պաշտպանության տակ առնել իրենց վտանգված դաշնակցին»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ՀԱՊԿ կանոնադրությունում եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում կատարված փոփոխություններից հետո այդ փաստաթղթերը հակասում են միմյանց։

«Հավաքական անվտանգության պայմանագրում կատարվող լրացումներով կոլեկտիվ պաշտպանությունը դիտարկվում է որպես իմպերատիվ, այսինքն՝ բոլորի համար պարտադիր», - պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։ - «Այսինքն՝ պայմանագրով ասվում է, որ դա իմպերատիվ է եւ կանոնադրության մեջ կատարված մեխանիզմով ասվում է՝ որեւէ երկիր, եթե չի ուզում մասնակցել դաշնակցի կոլեկտիվ պաշտպանությանը, կարող է չմասնակցել, ինչպես նաեւ պատասխանատվություն չկրել այդ որոշման հետեւանքների համար»։

Անդրադառնալով այս հարցերին` իշխող Հանրապետական կուսակցության անդամ, Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր միայն ասաց, թե փոփոխություները բխում են Հայաստանի շահերից եւ կոչված են ամրապնդելու Հանրապետության անվտանգությունը:

«Մենք, որպես մի պետություն, որը գտնվում է այս տարածաշրջանում, թե՛ անվտանգության առումով, թե՛ երաշխիքների առումով, մենք բազմիցս ենք ասել, որ կողմ ենք նման ե՛ւ պայմանագրերին, ե՛ւ դաշինքներին», - ասաց Հովհաննես Սահակյանը։

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե տեղի ունեցած փոփոխությունները որքանով են բխում Հայաստանի շահերից, նշելով, թե խնդիրը ավելի հանգամանալի քննարկման կարիք ունի․ - «Որովհետեւ այնտեղ կան ե՛ւ դրական կողմեր, ե՛ւ կան, իհարկե, որոշակի մտահոգություններ, եւ ամբողջական պատկեր ես կունենամ մեր այդ ոլորտի մասնագետների հետ քննարկելուց հետո»։

Բարձրացված նշված հարցերի կապակցությամբ, որոնք այսօր մենք ուղղեցինք արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին, վերջինս հետեւյալ կերպ արձագանքեց. - «Նշված փոփոխությունները առավել հստակեցնում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի եւ այդ կազմակերպության գործունեությունը, եւ դրանք միտված են ժամանակակից մարտահրավերներին հակազդելու եւ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ամրապնդելուն»։

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG