Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 25-ի մամուլ


«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Մոսկովյան այցով Ս. Սարգսյանը նախ փորձելու է վերջ դնել Հայաստանի իշխանական համակարգում հաստատված «երկատված» վիճակին, որը հատկապես սրվեց Վլադիմիր Պուտինի` ՌԴ հաջորդ նախագահ հռչակվելուց եւ դրանով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների ակտիվացումից հետո: Մեծ է հավանականությունը, որ Ս. Սարգսյանը կկարողանա Մոսկվայում լուծել այդ խնդիրը, եւ Հայաստան վերադառնալուց հետո վերջնականապես կհստակեցվեն իշխանության ՀՀԿ-ական թեւի հարաբերությունները թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, թե Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելի բարդ է կանխատեսել` արդյո՞ք Ս. Սարգսյանը կկարողանա լուծել այս այցի համապատկեր հանդիսացող մյուս կարեւոր խնդիրը, որն արդեն ոչ թե ներիշխանական, այլ պետական նշանակություն ունի: Խոսքը վերաբերում է անցած մեկ-երկու ամիսներին Հայաստանի շուրջ եւ Հայաստանի մասնակցությամբ ծավալված արտաքին քաղաքական զարգացումներին, դրանց արդյունքում Ս. Սարգսյանի նկատմամբ դրսեւորվող արեւմտյան գրեթե անթաքույց աջակցությանը, իրար հաջորդած հայտնի այն իրադարձություններին, որոնց արդյունքում Հայաստանի` «ռուսահպատակության» կուրսի փոփոխության մասին գնահատականներ են հնչում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ի՞նչ է զգում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, երբ էկրանին տեսնում է իր նախագահին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրում կամ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողության առաջ ելույթ ունենալիս: Հպարտությո՞ւն, հետաքրքրվածությո՞ւն, ինքնավստահությո՞ւն, պետականության զգացո՞ւմ: Չգիտեմ: Անձամբ ես անհանգստության, դիսկոմֆորտի զգացում եմ ունենում: Մտածում եմ՝ նորից այս ռուսները: Տեսնես հիմա ի՞նչ են մտածել: Մեր ո՞ր հերթական ստրատեգիական հարստությունն են պատրաստվում գրոշների գնով ձեռք բերել ու փոշիացնել: Ղարաբաղի հարցով ի՞նչ նոր, հակահայկական փաստաթուղթ են ուզում ստորագրել տալ ու մի կողմ քաշվել»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Հայաստանի վարչապետը ԱՊՀ-ի շրջանակում թաքուն համաձայնագիր է ստորագրում, որը Պուտինի երազած Եվրասիական միության նախերգանքն է: Ոչ մի քննարկում, ոչ մի բանավեճ չեղավ, ոչ ոք չիմացավ, թե Հայաստանի ինչին է պետք «տնտեսական ազատ գոտին» ավտորիտար պետությունների սահմաններում, այն էլ այն երկրների, որոնց հետ մենք ուղղակի սահման չունենք: Իհարկե, հասկանում ենք, որ մեր իշխանավորները կաշվից դուրս են գալիս Ռուսաստանի ղեկավարությանը դուր գալու համար: Իհարկե, քայլ են անում միայն իրենց աթոռները պահելու համար: Դրա համար էլ հասարակությունը պետք է անտեղյակ լինի: Ամիսներ առաջ հյուսիսային տերերի ախորժակը բավարարելու համար «Լեզվի մասին» օրենքը փոխեցին` կանաչ լույս վառելով մեր երկրում օտարալեզու դպրոցների գործունեության համար: Հասարակության մի մասը չլռեց: Հայալեզու կրթության պաշտպանների վրդովմունքն իրավացիորեն ուղղվեց ռուսական դպրոցների դեմ, որովհետեւ օրենքի փոփոխության վայ-քննարկումների ժամանակ հենց ռուսական կողմն էր ագրեսիվ արձագանքում»:

«Երկրի» թղթակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հարցնում է. - «Կոալիցիայի փլուզում կանխատեսո՞ւմ եք»: Կարապետյանը պատասխանում է. - «Չեմ կարծում, որ կոալիցիան հիմա կփլուզվի, անկեղծ ասած` դժվար եմ պատկերացնում: Նշել եմ, որ, օրինակ, Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից բացատրելի էր. կար գաղափարական խնդիր: Գաղափարական առումով անհասկանալի է, թե ինչ հակասություններ կան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Կարծում եմ` հակասությունը զուտ ադմինիստրատիվ է, ինչն էլ մեր խնդիրը չէ: Եթե անգամ ինչ-որ բան չեն կիսում իրար մեջ, թող չկիսեն, դա իրենց խնդիրն է: Կա դասական քաղաքականություն, երբ կուսակցություններն իրար հետ պայքարում են գաղափարախոսության տարբերության համար. ՀՀԿ-ԲՀԿ գաղափարական տարբերություն չկա: Ինչպես մեր դեպքում, այնպես էլ ԲՀԿ-ում, ամեն ինչ հենվում է առաջնորդի անձնական իմիջի վրա: Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչ չի ընկալվում»:

«Ժամանակ»-ի թղթակիցը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է. - «Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը վերջերս բավականին սուր եւ սենսացիոն հարցազրույց տվեց, որտեղ անդրադարձ էր կատարվում թե Հայաստանի ներքաղաքական, թե հայ-թուրքական, թե Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա հարցազրույցներում արտահայտված գնահատականներին»: Քոչարյանը պատասխանում է. - «Շառլ Ազնավուրը այն մեծությունն է, որը ինչ էլ հայտարարի, ես կարծում եմ, որ չի կարելի մեկնաբանել: Նույնիսկ` արտաքին գործերի փոխնախարարին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG