Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորման բանակցություններին


Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել է Ռուսաստանի մտադրությունը շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին՝ պետական այցով Մոսկվա այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։

Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած եռօրյա պետական այցի երկրորդ օրը Կրեմլում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր։

Համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարեց․ - «Ես համոզված եմ, որ [ղարաբաղյան] խնդրի արդար լուծումը հնարավոր է գտնել բանակցությունների միջոցով։ Վերջին տարիներին այս ուղղությամբ շատ բան է արվել նաեւ Ռուսաստանի մասնակցությամբ»։

Ռուսաստանի նախագահը, ում նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 10 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, հավելեց, որ երկու երկրների ուղիղ շփումները պետք է շարունակվեն եւ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկիր, շարունակելու է աջակցել այդ հարցում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը` ղարաբաղյան հարցը լուծել խաղաղ ճանապարհով։

«Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ եւ անձամբ իր մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տասը հանդիպում, ստորագրվել է երեք հայտարարություն, որոնք ոչ միայն օգնեցին պահպանել փխրուն խաղաղությունը, այլ նաեւ ստեղծեցին հնարավորություններ, դժվար է ասել, կողմերի միջեւ վստահության չափի ամրապնդման, բայց, ամեն դեպքում` վստահության ինչ-որ նշանների առաջացման համար: Մեր այսօրվա հանդիպման ընթացքում իմ կողմից եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի նվիրվածությունը` բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ լուծմանը: Հենց այս ոգով ենք տեսնում հարցի կարգավորումը, երաշխավորված խաղաղության, անվտանգության եւ կայունության պայմաններում հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման հնարավորությունները», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Համատեղ ասուլիսի ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ երկկողմ տնտեսական համագործակցությանը։

Հայաստանի նախագահը, մասնավորապես, ընդգծեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում հասնելու են 3 միլիարդ դոլարի։

«Ռուսաստանը եղել եւ Հայաստանի համար մնում է թիվ 1 գործընկերը առեւտրային եւ տնտեսական գործընկերը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Ռուսաստանի նախագահը եւս անդրադարձավ Հայաստանում ռուսական ներդրումներին, մասնավորապես` երկաթուղու, տրասնպորտային ենթակառուցվածքների, կապի եւ ինֆորմացիոն ծառայությունների ոլորտներում, խոսելով «հնարավոր նոր գաղափարների մասին, որոնք Հայաստանին դուրս կբերեն այժմյան ծանր կացությունից»։

«Այս տարի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասնելու է 1 միլիարդ դոլարի», - նաեւ հայտնեց Դմիտրի Մեդվեդեւը։

Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունների 60 տոկոսը ռուսաստանյան ընկերություններ են։ Հայաստանում այսօր ներկայացված են ռուսական բոլոր խոշոր ընկերությունները, սակայն դրա հետ մեկտեղ Մոսկվան դեռ չի որոշել՝ արդյո՞ք Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը, թե՞` ոչ։ Այս մասին ասուլիսում ասաց Դմիտրի Մեդվեդեւը՝ նշելով, որ նախագիծը մեծ ներդրումներ է պահանջում, եւ բանակցությունները դեռ շարունակվում են։

Հայ - ռուսական հարաբերությունների առնչությամբ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ շեշտեց. - «Սա առաջին պետական այցն է մեր պետությունների միջեւ հարաբերությունների պատմության մեջ: Եվ մենք հասկանում ենք, որ այն ցույց է տալիս մեր հարաբերությունների բացառիկ բնույթը: Սա նշանակում է, որ մենք արդեն հատել ենք բարիդրացիական հարաբերությունների շեմը, եւ մեր հարաբերություններն այժմ կառուցում ենք ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների ոգով: Մեզ դա լիովին բավարարում է»։

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց` նախկինում հայ - ռուսական տնտեսական հարաբերությունների մասին խոսելիս հայաստանցի պաշտոնյաները ասում էին, որ այդ հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին, իսկ այսօր իրավիճակը փոխվել է։

«Ձեռնարկությունների քանակը, որոնք աշխատում են Հայաստանում` ռուսական կապիտալով, արդեն մոտ 1300-ն է։ Դրանք բավականին լուրջ թվեր են, եւ ուրախալի է, որ տարեցտարի ծավալները աճում են, եւ մենք հիմա նաեւ աշխատում ենք մի շարք ծրագրերի շրջանակներում», - նշեց էկոնոմիկայի նախարարը։

Այցի շրջանակներում երկուշաբթի երեկոյան Սերժ Սարգսյանը շքանշաններ հանձնեց Ռուսաստանի մի շարք գործիչների, այդ թվում` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինին եւ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանին։

Ռուբեն Դիշդիշյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ որպես պրոդյուսեր մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծ նախագծին։ Նա չմանրամասնեց, թե հատկապես ինչի մասին է խոսքը, սակայն ասաց, որ ցեղասպանության մասին ֆիլմը, ամենայն հավանականությամբ, հայ - բրիտանական նախագիծ է լինելու։

Նույն օրը ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի անունից տրվել է պետական ճաշ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, պետական ճաշի ժամանակ Սարգսյանը Մեդվեդեւին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւը` Փառքի շքանշանը, որով Ռուսաստանի նախագահը պարգեւատրվել է երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, երկու պետությունների միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Հայաստանի նախագահի պետական այցը Ռուսաստան կավարտվի հոկտեմբերի 25-ին։

Երեքշաբթի օրը սպասվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ով, ամենայն հավանականությամբ, նախագահի պաշտոնում կփոխարինի Դմիտրի Մեդվեդեւին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG