Մատչելիության հղումներ

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը


Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Նախագահը համալսարանականների առջեւ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Այնուհետեւ Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Բանակցությունների ընդմիջմանը նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր եւ աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG